- 18.07.2018
- Հայաստան
- arm
Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի եւ թույլտվության զորավարժանք անցկացնելու դեպքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է: Այս մասին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, հայտնում է ՀԺ-ն:
Ըստ Արման Եղոյանի, այս պահին ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է տեղի ունեցածը: Իրավիճակի մասին զեկուցել է նաեւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի քարտուղարը: Վարչապետը նաեւ տեղյակ է, որ ռազմաբազայի պատասխանատուն այսօր հանդիպել է Շիրակի մարզպետի հետ եւ խոսել Փանիկի դեպքի մասին: Այլ մանրամասներ հնարավոր է ճշտել ՀՀ Պաշտպանության նախարարությունից: «Ճշտված յուրաքանչյուր մանրուք զեկուցվում է վարչապետին»,- ասաց Արման Եղոյանը:
Հիշեցնենք, երեկ 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր եւ զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել եւ փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաեւ կրակոցների ժամանակ ահաբեկվել եւ թաքնվել են: