Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցով փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

  • 18.07.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 75

Հուլիսի 15-ին Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի անհետացման, հետո Ադրբեջանի տարածքում հայտնվելու կապակցությամբ հայ փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որը մասնակիորեն բավարարել է հայցադիմումը, Aysor.am-ին տեղեկացրեց փաստաբան Արա Ղազարյանը։


Նրա խոսքով, հուլիսի 16-ի ուշ երեկոյան ինքը, ինչպես նաև փաստաբաններ Արթուր Ղազարյանը և իրավապաշտպան Մերի Բաղդասարյանը ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո դիմում են հղել դատարան ընդդեմ Ադրբեջանի։


Դիմումը վերաբերվում է հուլիսի 15-ին Բերդավան գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի անհետացման դեպքին, ում լուսանկարը նույն օրը հրապարակվել էր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում էր, որ լուսանկարում պատկերված անձը գերեվարվել է, նա հայ հետախույզ է, որին բռնել են հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում։


Դիմումում Կարեն Ղազարյանի ծնողների ներկայացուցիչները ՄԻԵԴ-ին խնդրել էին հրահանգել Ադրբեջանի իշխանություններին Կարեն Ղազարյանի առողջության պահպանման համար ձեռնարկել բոլոր միջոցները, ինչպես նաև ապահովել նրա վերադարձը Հայաստան:


Փաստաբան Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ հուլիսի 17-ին ՄԻԵԴ-ից ստացվել է դիմումի կապակցությամբ դատարանի որոշումը, որով դատարանը մասնակիորեն բավարարել է ուղարկված դիմումը՝ Ադրբեջանի իշխանություններին հրահանգելով Կարեն Ղազարյանի առողջության պահպանման համար ձեռնարկել բոլոր միջոցները։


Միաժամանակ, դատարանը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ներկայացնել տեղեկատվություն Կարեն Ղազարյանի գտնվելու վայրի և պայմանների մասին, ինչպես նաև՝ արդյոք հարուցվել է քրեական գործ Կարեն Ղազարյանի նկատմամբ՝ խնդրելով տրամադրել մանրամասն փաստաթղթերը և տեղեկությունները՝ ներառյալ նրան առաջադրված մեղադրանքի մասով մանրամասն տեղեկատվություն:


Դատարանը նաև հրահանգել է դիմումատուների ներկայացուցիչներին մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը ներկայացնել ամբողջական գանգատ, ինչպես նաև որոշել է գանգատը քննել առաջնահերթության կարգով։