«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

 

Մեղադրյալի
աթոռին ՀՀ
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է,
որ

ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն,
վաղ թե ուշ,
պատժվում է օրենքով:

«Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու եւ երկրում օրինականության հիմքերն
ամրացնելու
համար բացել մեր պետականության եւս մեկ ամոթալի հանգրվանի` 2013թ. նախագահական ընտրական գործընթացի էջը, որի շրջանակում Սերժ Սարգսյանի վարչակարգը ակնհայտ ձայնագողությամբ փոխեց ընտրությունների արդյունքները՝ սեփական իշխանությունը եւս հինգ տարով երկարաձգելու համար: Դա ոտնձգություն է ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ, քանի որ պետական ինստիտուտները ծառայեցվել են անհատի անօրինական իշխանությունը երկարացնելու համար:

Դեռեւս 2008-ին ապօրինաբար ձեւավորված` Սերժ Սարգսյանի իշխանությունը 2013 թվականին` որպես վատ սովորություն, կրկին հաշվի չնստեց սեփական ժողովրդի կամարտահայտության հետ՝ հենց ընտրական տեղամասում խեղդելով ազատ, իրավական երկրում ապրելու` ժողովրդի կամքն ու ցանկությունը:

2013 թվականի նախագահական ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության կամ որեւէ այլ քաղաքական ուժի հարցը չէ: Տեղի ունեցածը հարված էր մեր պետականությանը եւ մինչ օրս չի ստացել իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական:

«Ժառանգությունը» պատրաստակամ է օգնել մեր իրավապահ համակարգին` ընտրագողության
հետ կապված խնդիրը
համակողմանի դիտարկելու եւ ողջ ճշմարտությունը ջրի երես հանելու համար:

Այս եւ
ամեն դեպքում բոլոր քաղաքացիների՝ այդ թվում մեղադրյալների, սահմանադրական իրավունքի
ամրագրումը հրամայական է:

 

«Ժառանգություն» կուսակցություն

27 հուլիս 2018թ.

Երեւան