- 28.07.2018
- Հայաստան
- arm
- rus
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց», – ասաց նա «Արմենպրես»-ին։
Բալայանի խոսքով՝ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով "մարտի 1-ի գործով" մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականին տապալել է սահմանադրական կարգը, ազատ է արձակվել՝ վճարելով 5 մլն դրամ գրավ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ “մարտի 1-ի” գործով պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008 թ-ի արյունալի իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին եւ այդ ժամանակ ՊՆ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին, որն այժմ հանդիսանում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: Քոչարյանը հուլիսի 27-ի գիշերը դատարանի որոշմամբ կալանավորվեց, իսկ Հարությունյանն այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: