X
    Categories: 2018

Սուրիկ Խաչատրյանի որդին ցանկանում է ծառայել բանակում. նա դիմել է Դավիթ Տոնոյանին

  • 06.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

14
 268

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, դիմել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին զինված ուժերում ծառայության անցնելու համար: Նախկին մարզպետի որդու նամակը հրապարակել է փաստաբան Արմեն Մարտիրոսյանը:


Պաշտպանության նախարարին ուղղված նամակում Տրդատ Խաչատրյանը գրել է է․«Ես՝ Տրդատ Սուրիկի Խաչատրյանն եմ, ծնված 23.07.1996թ.: Բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում նաև թիվ 90100518 քրեական գործում, ինձ ներկայացնում են որպես՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդի:


2014թ.-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ, ստացել եմ 3 տարի ժամկետով տարկետում:


2017թ.-ին ձմեռային զորակոչին ճանաչվել եմ զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:Նշված դեպքին ես մասնակից եմ եղել և վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել»,-ասվում է նամակում:


Նամակում ասվում է նաև, որ 2017-2018թթ.-ին նա, իր ծնողների օգնությամբ, ձեռնարկել է տարբեր տիպի բժշկական,առողջական,հոգեբանական միջոցներ (դիմելով տարբեր բժիշկների, մասնագետների, տարբեր բժշկական կենտրոնների, այդ թվում նաև արտերկրում գտնվող բժշկական հիմնարկների), ինչը դրական ազդեցություն է գործել, և նա նախկինի համեմատ նա իրեն ավելի լավ է զգում:


Ներկայումս քննիչի կողմից նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն, որը սկսվել է 30.հուլիսի.2018թ.-ից:


«Անկախ փորձաքննության եզրակացությունից Ձեզ ՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, հայտնում եմ, որ պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում: Իմ միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ ինձ հնարավորություն տալ կատարել իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ»,-ասվում է նամակում:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական, կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:


Ըստ ոստիկանության, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյաններն ինչպես դպրոցում, այնպես էլ հետագայում վարժարանում սովորելու տարիներին իրենց վերագրվող հիվանդության ախտանիշներով աչքի չեն ընկել:

John Hovhannisian: