- 21.08.2018
- Հայաստան
- arm
- rus
Վերջին օրերին Ադրբեջանում սկսել են խոսել ՀԱՊԿ-ին անդամակցության կամ սկզբնական շրջանում կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին: Սակայն որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը հեռանկարում մաս կկազմի կազմակերպության:
VERELQ-ի հետ զրույցում քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը կարծիք հայտնեց, որ այս թեմայի շուրջ խոսակցությունները ավելի շատ «տեղանքի զոնդաժ է և Հայաստանին ևս մեկ հարցում հոգեբանական ճնշման ենթարկելու» մեթոդ, քան իր տակ լուրջ հիմքեր պարունակող իրավիճակ: Նրա խոսքով, ռեալ խոսել Ադրբեջանի ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին ժամանակավրեպ է և, առհասարակ, այդ թեման շոշափել և դրա շուրջ աղմուկ բարձրացնել պետք չէ: Բալասանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այս խոսակցություններն ակտիվացան Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրվելուց անմիջապես հետո:
Ադրբեջանը, որն, իր կարծիքով, մեկ քայլով մոտեցավ Ռուսաստանին, սկսեց այս հարցը արծարծել, որպեսզի ցույց տա Մոսկվային, թե ինքն ինչքան հուսալի գործընկեր է և այդ գործընկերության ավելի նեղ շրջանակներն ու ավելի սերտ հարաբերությունները դեռ առջևում են.
«Սակայն կա մեկ հանգամանք, որն անհնարին է դարձնում Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Նախևառաջ, Ադրբեջանի արտաքին քաղաքական դոկտրինը, որտեղ նշված է, որ Ադրբեջանը ոչ պրոարևմտյան, ոչ էլ պրոարևելյան կամ պրոռուսական որևէ կոալիցիայի կամ ինտեգրացիոն գործընթացի անդամ չի կարող դառնալ»,- հիշեցրեց նա:
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ նաև հենց Ռուսաստանին ձեռնտու չէ Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ, որովհետև այդ պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և բանակցությունները կամա, թե ակամա տեղափոխվում են արդեն ՀԱՊԿ շրջանակներ, ինչը միանշանակ չի կարող ընդունվել կազմակերպության մյուս անդամ երկրների կողմից: Եվ այս պարագայում, ըստ Բալասանյանի, դժվար թե այդ երկրները ցանկական իրենց ծանրաբեռնեն լրացուցիչ տարածքային խնդրի կարգավորման համար, երբ երկու կողմերն էլ իրենց դաշնակիցներն են ՀԱՊԿ շրջանակում:
«Իհարկե Ադրբեջանը կցանկանա անդամակցել, որովհետև այդ պարագայում նաև Ռուսաստանից զենք գնելը ավելի կհիմնավորվեր և օրենսդրական հիմքերի վրա կդրվեր՝ հղում անելով ՀԱՊԿ կանոնադրությունը, որով ներքին գներով նա կկարողանան զենք գնել ՌԴ-ից: Սակայն այստեղ կա մեկ հանգամանք, որի վրա մեր հարևան երկրի գործընկերները ուշադրություն չեն դարձնում. Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ադրբեջանի հարավում տեղակայված են իսրայելական ռազմական բազաներ կամ գոնե ռազմական մասնագետներ՝ փորձագետներ ու խորհրդականներ, որոնք և՛ զինում են ադրբեջանական բանակը, և՛ Իրանի տարածքում հետախուզական որոշակի գործողություններ են իրականացնում: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամ երկրները կհամաձայնվեն իրենց կազմ ներառել մի երկիր, որի տարածքում կան իսրայելական ռազմական բազաներ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը, ապա Գրիգոր Բալասանյանը նշեց, որ նոր չէ, որ դրանք ջերմանում են և Հայաստանի համար ամենամեծ վտանգը, որ կարող է լինել դրա կոնտեքստում, Մոսկվայի կողմից Բաքվին զենքի վաճառքն է, ինչն այսօր իրականացվում է: Բայց ծավալների փոփոխության մասին խոսք չկա.
«Այնպես որ, եթե սա արդեն իրողություն է, ապա խոսել մյուս վտանգների մասին ժամանակավրեպ է: Ի դեպ, քանի որ խոսակցություններ կան ԵԱՏՄ-ի հանդեպ Բաքվի հետաքրքրության մասին ևս, նշեմ նաև այն հանգամանքը, որ այսօր Ռուսաստանին ո՛չ տնտեսապես, ո՛չ քաղաքականապես ձեռնտու չէ Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Առանց այն էլ այսօր ԵԱՏՄ-ում թուրքական գործոնը բավականին ազդեցիկ է՝ նկատի ունեմ Ղազախստանն ու Ղրղզստանը և ևս մեկ թուրքալեզու երկիր մտցնել միություն, որտեղ որոշումները կայացվում են ձայների պարզ մեծամասնությամբ, ճիշտ չէ՝ լինելու է 3+3 հարաբերակցություն, ինչը բնավ Ռուսաստանին և նաև Բելառուսին այս պահին, ըստ էության, ձեռնտու չի»,- հավելեց Բալասանյանը:
Հիշեցնենք, Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին հայտարարել է, որ նպատակահարմար է քննարկել Ադրբեջանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին: