- 21.08.2018
- Հայաստան
- arm
- rus
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկության վերաբերյալ հաղորդագրություն չտարածելու հարցը:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը»:
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Մարտի 1»-ի գործով խուզարկություն է իրականացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում։ Պարզվեց, սակայն, խուզարկությունը տեղի է ունեցել օրեր առաջ: