X
    Categories: 2018

«Վեոլիա ջուրը» կաշառք է տվել ՀԾԿՀ նախագահին` ջրի սակագնի բարձրացման համար. Ոստիկանություն

  • 25.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 47

Ջրի սակագնի բարձրացման համար «Վեոլիա ջուրը» որպես կաշառք ՀԾԿՀ նախագահի ու պաշտոնատար անձանց համար ավիատոմսեր է գնել, փոխանցել է հյուրանոցի ծախսը: 


Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.


«ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի տրամադրած համապատասխան տվյալների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արեւելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը եւ «Արեւմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, նախկինում հանդիսանալով համակուրսեցիներ եւ մտերիմ ընկերներ, ի պաշտոնե հնարավորություն ունենալով տիրապետելու եւ կառավարելու կազմակերպության մարտավարությունն ու ֆինանսական միջոցները, գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2017-2018 թթ. ընթացքում կազմակերպել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից գնումներ կատարելու, ինչպես նաեւ շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթները, որոնց շրջանակում իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «ԷՄՕՇԻՆ», «ՇԻՆՄԱՍՏԵՐ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», «ԴԵԼ-ՏԵԼԵԿՈՄ» եւ այլ ՍՊ ընկերությունների հետ շուկայականից, ինչպես նաեւ ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3,730,940,595 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց կատարման շրջանակներում՝ հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու եւ այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։


Բացի այս, պարզվել է նաեւ, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել եւ տրամադրել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են եւս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։


Նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոեւն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի եւ հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1,572,573 եւ 3,245,442 դրամ գումար։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։


Ոստիկանությունից հայտնում են, որ այսուհետ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի եւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության միջեւ ձեւավորված համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Maral Takmazian: