Արարատ Միրզոյանը հայտարարեց «Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը» աշուն-ձմեռ ակցիայի մեկնարկը

  • 24.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 115

Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել և/կամ ուսումնասիրություն անել մի շարք ուղղություններով: Այս մասին Facebook-յան էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:


Դրանք են՝  սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսդրության բարեփոխումներ, անցումային արդարադատություն:


«Այնպես որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասեք ինձ, իմ «վատ կերպարը բացահայտող», իմ «դիմակը պատռող» հրապարակումներ որոշ «անկախ» «ԶԼՄ-ների» և ՖԲ-յան «չեզոք վերլուծաբանների» կողմից։ Սա մասամբ կիրականացվի «Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը» աշուն-ձմեռ 2018 ակցիայի շրջանակներում (խնդրում եմ նկատել, որ խոսում եմ նպատակաուղղված հակաքարոզչության, պիտակավորման և վարկաբեկման մասին, այլ ոչ թե քննադատության մասին, որի տեղիքն իհարկե կարող ենք տալ)։


Անկեղծ ասած, էդ տեսակ «սևացումն» արդեն էական չի, թեև խոստովանեմ՝ սկզբում անակնկալ էր և տխրեցնող։ Էականը՝ շարունակելու եմ մնալ մեր հռչակած արժեքների նվիրյալը, շարունակելու եմ ահռելի պատասխանատվության զգացումով և անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման համար։ Հավատացած եմ՝ որպես հանրույթ, որպես պետություն հաջողելու ենք։ Հաստատ հաջողելու ենք»,- գրել է Միրզոյանը։