- 28.08.2018
- Հայաստան
- arm
Վերաքննիչ դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի խոսքով՝ նրան մեղադրանք առաջադրելուց հետո նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ կալանավորելու Խաչատուրովին։ Բայց, ինչպես փոխանցեց փաստաբանը, դատարանը չնայած գտել էր, որ չկան հիմնավոր կասկածներ, որ Խաչատուրովն առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքին, միևնույն ժամանակ գտել էր, որ կալանքը հիմնավոր է, սակայն որոշել էր որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել և Խաչատուրովին 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Փաստաբանի խոսքով՝ եթե դատարանը որոշում է, որ չկան մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկածներ, պետք է մերժի նրան կալանավորելու միջնորդությունը, ոչ թե կալանքը համարի թույլատրելի։ Պողոսյանն ասաց, որ իրենք վերաքննիչում բողոքարկում էին հենց այս հանգամանքը։
Պողոսյանը դեռևս չի ստացել վերաքննիչի որոշումը և այն ստանալուց հետո կհստակեցնի՝ բողոքարկել վճռաբեկ ատյան, թե ոչ։
Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: