Սահմանադրական կարգի տապալման և 10 զոհերի գործերը միացվել են. ՀՔԾ պետ

  • 30.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 129

Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին մարտի 1-ի քրեական գործով նախաքննության գաղտնիությունը հանելու վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանն ընդգծեց, որ նախաքննության գաղտնիք հանելու ընթացակարգ գոյություն չունի: 


«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե բացահայտվի նախաքննության գաղտնիությունն ամբողջ ծավալով: Կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինին, եթե այս ամենը գաղտնազերծվի», – ընդգծեց Խաչատրյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:


Նա հստակեցրեց, որ այդ գաղտնիությունը վերաբերվում է միայն նախաքննության փուլին: «Դատաքննության փուլում, դատարանում գործը քննվում է դռնբաց, եթե այն չի պարունակում պետական գաղտնիք, ինչի հիմքով երբ դատաքննությունը կարող է որոշակի չափով սահմանափակվել: Իսկ նախաքննության գաղտնիությունը ելնում է և գործի շահերից, և գործով անցնող անձանց շահերից, այդ պատճառով ես չեմ կարծում, որ իրատեսական է նման պահանջ ներկայացնել», – նշեց ՀՔԾ պետը:


«Գործերը (Սահմանադրական կարգի տապալման ու 10 զոհերի–խմբ.) միացվել են, վարույթը մեկն է: Ես չեմ լսել Քոչարյանի ելույթը, որտեղ ասում է, թե չեն բացահայտվում սպանությունները, ես չգիտեմ, թե նրան որտեղից նման տեղեկություն: Ամեն ինչ արվում է, արվելու է, ես լիահույս եմ, որ գործը, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է», – ասաց նա:


Հարցին, թե արդյոք «Մարտի 1»-ի գործով կա՞ն նոր փաստաթղթեր, նա պատասխանեց. «Այո, նոր փաստաթղթեր կան, բայց դրանք չեմ կարող հրապարակայնացնել»: