- 30.08.2018
- Հայաստան
- arm
- rus
Երևանի ավագանու ընտրությունները շատ կարևոր քննություն են մեզ համար, և պետք է այդ քննությունը ստանանք գերազանց: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այժմ կառավարությունը մշակել է օրենքի նախագծերի փաթեթ, որի ընդունմամբ, մասնավորապես, առաջարկվում է քրեականացնել ՎԻՎՕ-ի 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքները (կաշառք տալը եւ վերցնելը)՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլև ազատազրկումը՝ որոշակի ժամկետով: Նշված վարչական իրավախախտման քրեականացման հետ մեկտեղ առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համաձայն՝ հանցագործության առարկա չեն համարվի կուսակցության անվանումը և (կամ) խորհրդանիշները կամ թեկնածուի անուն, ազգանունը և (կամ) պատկերը բովանդակող և որոշակի ողջամիտ չափը չգերազանցող արժեքով ապրանքները:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության կարևորությանը, նշել է. «Կարծում եմ՝ ոչ թե զգալիորեն առաջ ենք գնալու, այլ գնալու ենք մինչև այն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա, այսինքն՝ պետք է բացառենք նման երևույթները: Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, այս առումով շատ կարևոր քննություն են մեզ համար, և պետք է այդ քննությունն ստանանք գերազանց»:
Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ, Վերոնշյալի առնչությամբ վարչապետ Փաշինյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նշել է. «Ձեր ձևակերպման մեջ ասվում է, որ արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ բաժանելը, բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշը կամ թեկնածուի անուն-ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների: Մեր «պատմական» փորձը հաշվի առնելով՝ 3000 դրամը բավարար գումար է, ասենք, կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, կամ պարկի մեջ 3000 դրամ դնելու և կուսակցության նշանով բաժանելու համար: Ձևակերպումը, համենայնդեպս, տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշվի այդ սահմանը: Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը, պարոն Զեյնալյան: Իմ կարծիքով՝ պետք է կոնկրետ նշվի՝ գրիչ, նախընտրական բուկլետ, գլխարկ, շապիկ և այլն, որովհետև այս ձևակերպումը ես մի քանի անգամ կարդացել եմ, և ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այդ նույն տրամաբանությամբ այդ ապրանքները բաժանվեն»:
Արծարծված խնդրի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ:
Վարչապետը հանձնարարել է արդարադատության նախարարին՝ ևս մեկ անգամ աշխատանքային կարգով քննարկել ներկայացված մտահոգությունները: «Նախագիծն Ազգային ժողովում, հանձնաժողովում, լիագումար նիստում դեռ 2 ընթերցմամբ քննարկվելու է, և պետք է անել առավելագույնը, որ այն լինի հստակ, տարընթերցումների տեղիք չտվող և առանց անորոշությունների»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: