- 01.09.2018
- Հայաստան
- arm
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ–ի տարբեր մակարդակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ շանտաժի և սպառնալիքների միջոցով: Այսինքն, ՀՀԿ–ականներին այդ ճանապարհով են ստիպել քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին: Պարզվում է, որ դրանք հենց այնպես նետված ձևակերպումներ չեն և ամենևին էլ պատահական չեն նետվում շրջանառության մեջ: «Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ–ում քննարկվում է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար. մի քանի ամիս անց սոցիալական խնդիրների բեռի տակ Փաշինյանը կկորցնի փողոցի անվերապահ աջակցությունը, ինչից օգտվելով՝ ՀՀԿ խմբակցությունը կնախաձեռնի ստորագրահավաք, կմտնի Սահմանադրական դատարան և կպահանջի Փաշինյանի՝ իշխանության գալը որակել որպես սահմանադրական կարգի տապալում, քանի որ իրենք քվեարկել են ժողովրդական զանգվածների շանտաժի ու վրեժխնդրության սպառնալիքների տակ: Թերևս այս է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է հանդես գալ ընդդիմադիր հռետորաբանությամբ՝ նման կերպ հույս ունենալով երկար ժամանակ պահել հասարակության վստահությունն իր նկատմամբ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՕԵԿ-ականներն իրենց 115 հոգանոց ավագանու կազմով և ակտիվով ընտրությունների ցանկը երեկ ԿԸՀ ներկայացնելուց հետո խնջույք են կազմակերպել և համացանցը հեղեղել լուսանկարներով: Մոտ 500 մարդ է մասնակցել, ազդարարել են քարոզչության մեկնարկը՝ պարել են, կենացներ ասել, քաղաքական թեմաներ շոշափել՝ անդրադառնալով Քոչարյանի ակտիվացմանը։ Հայտարարել են, որ աջակցելու են հեղափոխությանը` իրենց սեփական օրակարգով: Ելույթ ունեցողներից մեկն ասել է․ «Մեր ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանըերկրում հարգված ու պարկեշտ անձնավորություն է, իսկ Արթուր Բաղդասարյանի վարկանիշն օրեցօր վերելք է ապրում, քանի որ ժողովուրդը համոզվեց, որ մենք ո՛չ արյան հետ կապ ունենք, ո՛չ էլ թալանի, իսկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջի ամսական դիտումները գերազանցում են 1 միլիոնը»»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գործարար, օֆշորային սկանդալի պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանը շնորհակալ է նոր կառավարությանը, որը հրաժարվում է հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման առաջնային ու հիմնական ճյուղ համարելուց և կարևորում է երկրում թեթև արդյունաբերության զարգացումը։ «Մեր երկրի նախկին ղեկավարության ամբողջ նպատակը հանքերի թալանն էր։ Ես մի օր մեր երկրի երրորդ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ նա մեր ժողովրդին դարձրել է դարմայեդ, 10-20 հազար դրամ տալիս էր, որ ժողովուրդը գնա պառկի տանը, մինչդեռ պետք էր աշխատատեղ ստեղծել, որ ժողովուրդը աշխատի ու վայելի իր վաստակածը», – մեզ հետ զրույցում ասաց Հայրապետյանը»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է՝ ԲՀԿ-ական պատգամավորները փնտրում են Չերրիի Վահանին։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է շուրջօրյա «որոնողական աշխատանքներ» տանել և հայտնաբերել ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին։ Նրա հեռախոսներն անհասանելի են, ուստի ամեն մեկն այցելում է բոլոր այն հնարավոր վայրերը, որտեղ կարող էր գնալ նա։ ԲՀԿ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեին Չերիի ընկերներից մեկը հաջողացրել է մի քանի վայրկյան կապ հաստատել նրա հետ, ով հայտնել է, թե հարսանիքի է մասնակցում, սակայն հետո կրկին դարձել է անհասանելի։ Կորելու պատճառների մասին շատ բան հայտնի չէ, վարկածներից մեկի համաձայն՝ Կարապետյանը նեղացել է կուսակցությունից, քանի որ ավագանու ընտրություններին իր տարածքում՝ Աջափնյակում, պատասխանատու է նշանակվել ոչ թե ինքը, այլ՝ ոմն Գարիկ։ Նա էլ նեղվել է և հայտարարել ԲՀԿ-ից հեռանալու մասին ու անհետացել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքագետ Էդգար Առաքելյանի գլխավորությամբ ստեղծվող նոր կուսակցությունը միս ու արյուն է ստանում։ Նախաձեռնող թիմը հիմնականում կազմված է երիտասարդներից՝ քաղաքագետներ, իրավաբաններ, ՓՄՁ ներկայացուցիչներ։ Կուսակցությունը կկոչվի «Այլընտրանք» և կառաջնորդվի «Այլընտրանք միշտ կա» կարգախոսով։ Մեր տեղեկություններով, հիմնադիր համագումարը կանցկացնեն հոկտեմբերի սկզբներին և իրենց ամբողջ ներուժը կկենտրոնացնեն առաջիկա ԱԺ ընտրություններին պատրաստվելու վրա։ Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանն ՕԵԿ անդամ էր, կուսակցության խոսնակը, բայց մի քանի ամիս առաջ դուրս եկավ ՕԵԿ-ից»։