X
    Categories: 2018

Արցախի էքզիստենցյալ անվտանգությունը հնարավոր է միայն այսօրվա սահմաններով

  • 17.09.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

12
 232

Արցախի հարցում կարևորագույն խնդիրը 150,000 մարդու էքզիստենցյալ անվտանգության և անվտանգության ստատուսի ապահովումն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ստեփանակերտում:


Նշենք, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը մինչ այս պահն ընթանում է մադրիդյան հայտնի սկզբունքների շուրջ, որոնց կյանքի կոչումը, սակայն, չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունը, ինչի մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:


Ադրբեջանը վերջին օրերին թիրախավորել է ՀՀ-ի տարածքը` Տավուշի մարզ և Արենի գյուղ: Բաքուն չի գնալու Արցախի ճանաչման ճանապարհով, այլ ռազմական լուծման ակտիվ նախապատրաստություններ է տեսնում, ինչի մասին վկայում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու, որի շրջանակում հնարավոր է կնքվեն ռազմա-տեխնիկական նոր պայմանագրեր, ինչպես նաև Էրդողանի հայտարարությունները այն մասին, թե ՀՀ հետ հարաբերությունները չեն կարգավորվի  մինչև Ղարաբաղը չվերադարձվի Ադրբեջանին:


Ինչ վերաբերվում է բուն փաստաթղթին` մադրիդյան սկզբունքներին, ապա դրանց կյանքի կոչումը հանգեցնելու է Արցախի հայաթափմանը:


Յոթ շրջանները կամ «անվտանգության գոտին», ինչն իրականում ԼՂՀ անխախտ մասերն են, հայկական հողեր են, ունեն ռազմավարական նշանակություն` դա հայկական կենսական տարածք է, առանց որի անհնար է ապահովել պարոն Մնացականյանի նշած 150,000 մարդու էքզիստենցյալ անվտանգությունը:


Առաջին՝ սկսենք Աղդամից (Ակնա), որը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավարության վրա: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում հենց Աղդամ-Ստեփանակերտ տանկային հարվածի միջոցով (марш бросок) ադրբեջանցիները ցանկանում էին կիսել Ղարաբաղը երկու մասի՝ կտրելով հյուսիսային ու հարավային շրջաններն ու արագ հասնել տանկերով Ստեփանակերտին:


Եթե Աղդամ են վերադառնում ադրբեջանցիները, իսկ դա ենթադրվում է մադրիդյան փաստաթղթով, ապա, ինչպես և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այն վերածվելու է ուժեղ ամրացված, հագեցված կրակակետի՝ ուղիղ հրետանային կրակի տակ պահելով ԼՂՀ սիրտը՝ Ստեփանակերտը: Աղդամում տանկային զորքերի կուտակման դեպքում Ասկերանի ամբողջ շրջանն ու մայրաքաղաք Ստեփանակերտը դառնում են հեշտ թիրախ՝ այնտեղ աշխարհագրությունը հարթավայրային է և թույլ է տալիս լայնորեն կիրառել զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր:


Իսկ Մերձարաքսյան շրջանները, բացի գյուղատնտեսական մեծ ներուժից, կարևոր են նաև ռազմական տեսանկյունից՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի թիկունքն են, և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղը կվերածի բոլոր կողմերից կրակակետերով շրջապատված, օղակի մեջ գտնվող մի անկլավի:


Մերձարաքսյան շրջաններն ունեն մեծ տնտեսական նշանակություն՝ դրանք ապահովում են ԼՂՀ-ի կապն Իրանի հետ (ԼՂՀ ճանաչումից հետո Ստեփանակերտը կկարողանա ցամաքային կապ պահել Իրանի հետ), ինչպես նաև ապահովագրում ՀՀ Սյունիքի մարզը, քանի որ Կուբաթլուի, Ջեբրայիլի և այլ շրջանների հանձնումը Մեղրիի, Կապանի և այլ քաղաքների համար կրկին գլխացավանք է դառնալու: Ադրբեջանցիները մերձարաքսյան այդ շրջաններում կրակակետեր կկառուցեն, որոնք արդեն Սյունիքի մարզը երկու կողմից կպահեն կրակի տակ՝ Նախիջևանի դիրքերը կրակի տակ են պահում Վայոց Ձորը, Սյունիքը արևմուտքից, իսկ այս պարագայում ադրբեջանցիները կհայտնվեն Սյունիքի թիկունքում նաև արևելքից:


Ինչ վերաբերում է Քելբաջարի շրջանին, ապա դրա կարևորության մասին խոսելն ավելորդ է՝ Արցախի խմելու ջրի պաշարներ, ռազմավարական դիրք՝ այնտեղից հնարավոր է քիչ ուժերով վերահսկողության տակ պահել թե′ Մարտակերտն ու Քաշաթաղը, թե′ Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու ՀՀ այլ շրջաններ:


Այսպիսով, ԼՂՀ-ը կենսունակ պետություն է միայն այսօրվա սահմաններով՝ նախկին սահմանների վերադարձը թե ռազմական, տնտեսական, ժողովրդագրական իմաստներով ԼՂՀ-ը կդատապարտի հայաթափման և կվերածի «երկրորդ Նախիջևանի»:

Diana Dabaghian: