ՀՀ տնտեսական շահերից է բխում, որ արագացվեն արտահերթ ընտրությունները. վարչապետի խորհրդական

  • 05.10.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 209

ՀՀ տնտեսական շահերից է բխում, որ արագացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ նկատելով, որ երեկ լրատվամիջոցներում իր՝ կառավարության նիստից հետո ասածները ճիշտ չեն մեկնաբանվել՝ ներկայացնելով, որ իր և վարչապետի հայտարարությունների միջև տարբերություն կա:


«Պետք է ասեմ, որ բացարձակապես որևէ տարբերություն չկա, մեր թիմի բոլոր անդամներն ունեն հստակ մոտեցում, որ իրոք, Հայաստանի տնտեսական շահերից է բխում, որ արագացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- ասաց նա, գրում է Թերթը:


Նա նշեց, որ ցանկանում է որոշ պարզաբանումներ տալ առ այն, որ այս տարվա հունիսից սկսած՝ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ օտարերկրյա գործարարների շրջանում: «Ինչպես երեկ ասեցի՝ բազմաթիվ ներդրողներ՝ թե՛ օտարերկրյա, թե՛ սփյուռքի ներկայացուցիչներ, այս վերջին երկու ամսվա ընթացքում իրենց հետաքրքրությունն են հայտնում համագործակցելու Հայաստանի հետ և ներդրումներ կատարելու: Ուղղակի իմ ասածը կապված էր նրանց հետաքրքրության հետ, քանի որ նրանց հետաքրքրությունը գնալով աճում է, և քանի որ ժողովրդի պահանջն է արտահերթ ընտրությունները, չափազանց կարևոր է, որ այդ բոլոր ձգտումները՝ օտարերկրյա ներդրողների, իրականացվեն, և պատկերն էլ ամբողջական լինի: Հիմա ունեն կառավարություն, որի նպատակն է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում, և ունենք խորհրդարան, որին ժողովուրդը դեմ է: Հետևաբար, այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր են, որպեսզի զարգանա նաև ՀՀ տնտեսությունը»,- ասաց նա:


Արսեն Գասպարյանի կարծիքով՝ օտարերկրյա ներդրողների մոտ կա հետաքրքրություն Հայաստանի ջրային ռեսուրսների նկատմամբ, ջրամբարների կառուցումն է, մասնավորապես, նրանց հետաքրքրում: Թվայնացման ոլորտով ևս շատ հետաքրքրվողեր կան: Ըստ նրա՝ ներդրողները նաև հետաքրքրված են տուրիզմի, գյուղատնտեսության, էներգետիկայի, հատկապես այլընտրանքային էներգետիկայի, թեթև արդյունաբերության ոլորտներով:


Նրա խոսքով՝ հետաքրքրությունը Ասիայից, մասնավորապես, Չինաստանից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, ԱՄՆ-ից է: «Նրանք տեսնում եմ մեծ փոփոխություն ժողովրդավարության մթնոլորտում: Տեսնում են օրինականություն, թե ինչպես է ՀՀ նոր կառավարությունը փորձում օժանդակել ներդրողներին, որ նրանք նոր աշխատատեղեր ստեղծեն Հայաստանի բնակչության համար»,- ասաց նա:


Հատկանշական է, որ մեկ օր առաջ նույն Արսեն Գսապարյանը նշում էր, որ արտահերթ ընտրությունների անցկացումը ոչ մի ազդեցություն չեն ունենա ներդրումների վրա, քանի որ Հայաստանում վիճակը կայուն է։ Նա պնդում էր, որ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում, այլ շարունակ դիմում են իրենց: "Այդպես է եղել հատկապես օգոստոսին, նաև սեպտեմբերին: Եվ, նրա խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պետք չէ կապել ներդրումային քաղաքականության հետ", – ասել էր նա:


Նրան սակայն հակադարձել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ  գործարարները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին ներդրումներ անելու համար։


«Բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում այնտեղ, որտեղ քաղաքական առումով կայուն վիճակ չէ, եւ սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն։ Այնպես որ ճիշտ է վարչապետի տեսակետը միանշանակ։ Սպասողական վիճակն ինչքան երկարի, այնքան վատ երկրի համար, սա որպես տնտեսագետ եմ ասում։ Ինչքան կարճ այդ ժամկետը, այնքան լավ տնտեսության համար»,– հոկտեմբերի 4–ին Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը։