ACNIS reView #34, 2018:

Ազատ ամբիոն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13 2018
Քաղաքական ինքնասպանություններ
«Թավշյա» հեղափոխությունից հետո երկրում առաջացած քաղաքական երկատումը վաղ թե ուշ պայթելու էր: Այդ «պայթյունը» տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, երբ հեղափոխությունն ակնհայտորեն թեւակոխեց վճռորոշ փուլ՝ վերջնականապես ամբողջացնելու եւ ամրագրելու քաղաքացիների ձեռք բերած հաղթանակը գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով:
Քառորդ դարից ավելի իշխանությունը զավթած պսեւդոքաղաքական ցուցանակ-կուսակցությունները հայտնվել են աղետալի վիճակում. նրանք պարզապես բախվեցին իրականությանը, որն այլեւս ի զորու չեն բեկել եւ հարմարեցնել իրենց նպատակներին: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները վերջիններիս ամբողջովին զրկեցին արհեստածին պատրանքներից: Եթե ոմանք հույս ունեին քաղաքական շահաբաժին պոկել եւ լուսանցք չմղվել՝ կամա թե ակամա իրենց աջակցությունը հայտնելով հեղափոխությանը, ապա Ավագանու արտահերթ ընտրություններից հետո հասկացան, որ չարաչար սխալվեն են իրենց հաշվարկներում: Հասկացան նաեւ, որ արեւելյան «բազառի» առեւտրականները քաղաքական դաշտում տալիք ու առնելիք այլեւս չունեն:
Ոմանց դեռ իրապես թվում էր, որ կրկին կկարողանան «պորտֆելներ» ստանալ կեղտոտ ծառայություններ մատուցելու կամ կուլիսային պայմանավորվածություններ ձեռք բերելու արդյունքում, եւ համառորեն հրաժարվեցին գիտակցել, որ հետայսու քաղաքականություն որոշողը միայն քաղաքացին է՝ իր քվեով:
Արդյունքում քաղաքական տրամաբանությունից եւ ինքնուրույն գործելու ունակությունից զուրկ ուժերը մի պահ որբ մնացին՝ նոր տեր գտնելու հույսերն ու ակնկալիքները չարդարացան, ուստի անառակ որդիների պես վերադարձան հին տիրոջ մոտ՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի փոփոխություններ կատարելու փորձով:
Բայց, ինչպես տեսանք, անհեռատես նախկին ընտրախավի «ինքնապաշտպանական» արկածախնդրությունը վերածվեց «ինքնահուղարկավորման»: Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այդպիսով, հնարավորություն տրվեց ազատվել «բալաստից» եւ գործել շատ ավելի անկաշկանդ ու վճռական՝ հստակորեն ուրվագծելով հեղափոխության հաղթարշավի հետագա փուլերը:
Ժողովրդավար պետությունում քաղաքականությունը բաց հանրային գործընթաց է, եւ քաղաքական ատավիզմ հանդիսացող ուժերը չեն կարող այս պարզ ճշմարտությունն անտեսել եւ շարունակ փորձել հին գործելաոճով ներազդել երկրում տեղի ունեցող իրողությունների վրա. ժողովուրդը լիարժեքորեն տիրապետում է դրան հակազդելու բոլոր մեխանիզմներին:
Սրա գիտակցումը, կարծես թե, սկսում է մտնել ոմանց գլուխները: Հանրապետական կուսակցության ճոճվող նավակից փախչելու հերթ կանգնածները եւ ցայտնոտի մեջ հայտնված «Բարգավաճն» ու «դիրքափոխությամբ» տառապող դաշնակներն, ի վերջո, հասկացան, որ իրականում իրենցից արտահերթ ընտրություններ անցկացնելու թույլտվություն չեն խնդրում, այլ պարզապես հայտնում են դրանց անցկացման հույժ անհրաժեշտությունը եւ ամենաօպտիմալ ժամկետները, իսկ իրենցից պահանջվում է միայն որոշել, թե իրենց համար ինչպիսի կորուստներով են հասնելու կամ չհասնելու արտահերթ ընտրություններին:
Ըստ էության՝ գոյություն չունեցող, բայց դեռ արհեստական շնչառության վրա պահվող խորհրդարանի այսօրվա ողբերգազավեշտալի իրադարձություններն արտացոլում են զուտ մտացածին գործառույթ իրականացնող այդ մարմնի անպիտանելիության աստիճանը: Քառորդ դար այդ մարմինը փաստացի եղել է կակիստոկրատիայի մարմնացումը՝ անձեռնհասության գերակայության եւ օրենքի ոտնահարման հարթակ:
Խորհրդարանը ցրելու հետ կապված իրավական գործընթացի շուրջ անհիմն հիստերիա ու աղմուկ բարձրացնելու բազմաթիվ սին փորձերը եւ հերթական անհաջող գործարքի տապալումից հետո հուզումնալից հարցազրույցներն ու դրանց ընթացքում հնչող բարոյախոսությունները եւս վկայում են, որ այս չարաբաստիկ խորհրդարանը ոչ թե ծանրաքար է (քանզի այն իրականում ոչ մի քաշ չունի), այլ ծանրաքարից մնացած ժանգոտած մի շղթա, որը միայն դատարկ ձայն է արձակում:
Մարինա Մուրադյան