- 09.11.2018
- Հայաստան
- arm
- rus
Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին և կազմակերպության գլխավոր քարտուղար չընտրելու փաստին, հայտարարել է, որ դա «Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է»:
«Փաստորեն նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ: Մի բան է պարզ դառնում. Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Ավելին, բացահայտ նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու:
Իսկ ի՞նչ է լինելու: Ասեմ, սեփական ձախողումը քողարկելու համար կարծում եմ՝ մենք ականատես կլինենք, այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի, նոր բացահայտումների կամ սևերի ու սպիտակների հերթական բաժանման: Պարոն վարչապետ, կոռուպցիայի ու ցանկացած ապօրինության դեմ էլի պայքարեք, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության»,-ասվում է հայտարարության մեջ :
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը եղել և մնում է ՀՀ անվտանգության ամրապնդումն ու Արցախի հարցի արդար և հայանպաստ լուծումը:
«Էդ նորմալ ու կիրթ տպավորություն թողած Ալիևը հերթական անգամ խոսել է ինչ-որ տարածքներ վերադարձնելու, Արցախը ադրբեջանական հող լինելու, Հայաստանից զիջումներ կորզելու մասին: Ես սպասում էի Ձեր արձագանքին, բայց Ձեր խրոխտ ու վճռական խոսքի փոխարեն ստացա լռություն: Մտահոգիչ է»,-ասվում է ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարության մեջ:
Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:
«Կոլիզիա է առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, որը կազմակերպության գլխավոր քարտուղարն էր, հետ է կանչվել: Ըստ կանոնադրության, Հայաստանին հաջորդում է Բելառուսը»,-ասել է Նազարբաևն Աստանայում լրագրողներին ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին։