X
    Categories: 2018

Verelq: Պետական համակարգն անարդյունավետ է, բուհականը՝ անհասկանալի. Փաշինյանը քարը քարին չթողեց

  • 23.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 104

«Հեղափոխությունից հետո, երբ մեզ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, մենք առաջին հերթին շեշտում էինք երկրում սահմանադրականության կարևորությունը։ Մենք ասում էինք, որ տնտեսության համար օրենքի առաջ բոլորի հավասարություն է, օրինականությունը և արդարության միջավայրի ձևավորումը»,- Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները խորագրով այսօր տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


«Հաջորդ խնդիրը, որին բախվել ենք, պետական կառավարման համակարգի ծայրաստիճան անարդյունավետությունն է։ Մենք անխուսափելիորեն հաջորդ տարի անդրադառնալու ենք այդ թեմային»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև հնարավորությունների ընձեռումը։ Ըստ նրա՝ այսօր ստեղծվել է հնարավորություն՝ խնդիրների լուծման դերակատարությունը և պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլ հանրային տարբեր շերտերինը։


«Բոլորն ուզում են, որ կառավարությունը մտնի միկրոմենեջմենթի մեջ, վարչապետն անձամբ լուծի այսինչ թաղի, այսինչ շենքի, այսինչ շքամուտքի «ռուբիլնիկի» հարցը։ Այսպես մենք աղետի առջև կկանգնենք»,- ասաց նա։


Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ հեղափոխությունից հետո մարդկանց ընկալումներում և վարքում փոփոխություններ են նկատվել։


«Հարկ վճարողի, աշխատողի, գործարարի վարքագծի փոփոխությունն ամենառանցքային խնդիրն է, որ այսօր պետք է լուծենք։ Գործարարության նկատմամբ երկար ժամանակ ձևավորվել է վատ վերաբերմունք, քանի որ նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ։ Մենք հիմա այնպես ենք արել, որ առաջիկա ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է, բայց ես չեմ ուզում, որ դա ընկալվի գործարարի համարումը նսեմացնելու պրոցես, հակառակը։ Գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր» ,- ասաց կառավարության ղեկավարը,  գրում է Պանորաման։


Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ տնտեսությունը պետք է լինի մեր ռազմավարական կարիքները սպասարկող, և այդպիսի տնտեսություն կառուցելու ներուժ իսկապես կա։


«Վերջին քսան տարում ոչ մի անվտանգային հարց իրենք չեն լուծել, իրենք լուծել են կոռուպցիան արդարացնելու հարց։ Մենք մեր տնտեսության չզարգանալը չպետք է պատճառաբանենք անվտանգային միջավայրով»,- ասաց նա։


Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև ներգաղթի խնդրին՝ նշելով, որ ներգաղթ ասելով՝ մարդկանց զուտ ֆիզիկական տեղափոխություն նկատի չունեն, նկատի ունեն նաև կապիտալի և նոր մշակույթի ներգաղթը։


«Հայաստանը պետք է ներգաղթի օբյեկտ դառնա, մենք այդ պրոցեսի արդյունքում պետք է ունենանք հազարամյա, բայց նաև նորածին մի հանրություն»,- ասաց նա։


Խոսելով բուհերի մասին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ։


«Կան գերատեսչություններ, որոնք ֆինանսավորում են բուհեր։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ ուսանողը մի բուհ ավարտելով՝ գնում է պետական որևէ գերատեսչություն՝ աշխատանքի ընդունվելու, ասում են՝ քո դիպլոմը մեզ որևէ բան չի ասում, պետք է գաս, մեր գերատեսչության բուհն էլ ավարտես։ Ինձ համար միանշանակ է, որ այսպիսի բաժանում չպետք է լինի։ Ժամանակակից աշխարհում շատ մեծ հայտնագործություններ արվել են ուսանողական ռեֆերատների իդեաների հիման վրա, իսկ մեր երիտասարդության քանի՞ տոկոսն է ռեֆերատ գրում։ Երիտասարդականի մերձակայքում քայլում ես, ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան ծխախոտ վաճառող։ Քայքայումը սկսվում է այդտեղից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Կրթական ոլորտի զարգացման նախադրյալներից մեկը նա համարեց բուհերի միջազգայնացումը, արտասահմանցի ուսանողներին դեպի հայաստանյան բուհեր ձգելու քաղաքականությունը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոստովանեց, որ երբ ԱԺ պատգամավոր է եղել, իրեն թվացել է, թե բավականին լավ է տիրապետում Հայաստանում առկա խնդիրներին, սակայն վարչապետ դառնալուց հետո ամեն օր ավելի է համոզվել, որ իր ընկալումները ռոմանտիկ են եղել։


Փաշինյանը միաժամանակ շեշտեց՝ մեր ամենամեծ արժեքները մարդկային և ինտելեկտուալ կապիտալներն են։ «Մեր նպատակը մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը և բարեկեցությունն ապահովելն է»,- ամփոփեց վարչապետի պաշտոնակատարը։

Garo Vardanian: