- 24.11.2018
- Հայաստան
- arm
- rus
Երեւանի Նոր Նորքի 6–րդ զանգվածից այսօր առավոտյան ժամը 10:00-ին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համաերեւանյան երթը:
Ինչպես հայտնում է VERELQ-ի թղթակիցը, երթիթ, որ մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, նրա դուստրը, կառավարության անդամները, բազմաթիվ քաղաքացիներ, կառավարության ղեկավարի պաշտոնակարատը պարբերաբար նշում է, որ «հեղափախական կառավարությունը» կատարել է հանրությանը տված բոլոր խոստումները:
«Մենք խոստացել էինք, որ, եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խաղաղ, ուղղակի հրապարակներում և փողոցներում արտահայտի իր կամքը, որ ուզում է իշխանության փոփոխություն, մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Եւ մենք այդ կամքը դարձրեցինք իրականություն»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ խոստացել էին անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: «Եվ այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով ու թափով»,- ընդգծեց նա:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ իրենք ասում էին, որ հասնելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: «Եվ հիշում ե՞ք, երբ ես հրաժարական էի տալիս, ժողովրդի շրջանում շատ մեծ անհանգստություն կար, բայց ձեր օգնությամբ, հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը շրջափակած տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնությամբ մենք հասանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Հետևաբար, այն բոլոր խոստումները, որ մենք տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են»,- ասաց Փաշինյանը: Նա նաև շեշտեց, որ կատարել են իրենց ամենամեծ խոստումը, որ իշխանությունը վերադարձնելու են ժողովրդին: Նա շեշտեց, որ այս պահին բոլորի ճակատագիրը հենց ժողովրդի ձեռքերում է, քանի որ խորհրդարանը լուծարված է, իսկ ինքը վարչապետի պաշտոնակատար է, նախարարները նույնպես պաշտոնակատարներ են:
Ըստ քաղաքապետարանին ներկայացված իրազեկման՝ երթն ընթանալու է հետեւյալ երթուղիով. Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Սեբաստիայի փողոց – Րաֆֆու փողոց – Բագրատունյաց պողոտա – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց – Տ. Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ։
Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, ասել է, որ ինքը նման անհրաժեշտություն չի տեսնում։
«Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ: Արցախի ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է և Արցախն այդպես էլ ընկալում ենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության ավտոերթը դեպի Արցախի Հանրապետություն։