X
    Categories: 2018

Մամուլ. Ինչպես են մտահոգ «վախեցածները» հայտնվել ՀՀԿ ցուցակում, հետո լքել այն

  • 30.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

11
 97

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակի ներկայացուցիչները ինքնաբացարկ են ներկայացնում վախի ազդեցության տակ: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ թեկնածուների մեծ մասը այդ ցուցակում է հայտնվել վախի ազդեցության տակ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ կուսակցության վերնախավը ստիպել է իրենց լինել ցուցակում, այլապես սպառնալով բացահայտել նրանց գործունեության ոչ ցանկալի դրվագներ: Իսկ դուրս եկողները այս ընթացքում հասկացել են, որ իրենք նույնիսկ 10 ձայն չեն ստանալու, և որոշել են խուսափել ավելորդ խայտառակությունից»:


 «Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանությունների օրոք անվտանգության մարմինները փակ, հրապարակման ոչ ենթակա սոցհարցումներ են անցկացնում քարոզչության օրերին՝ իմանալու ընտրությունների արդյունքների մոտավոր պատկերը, ապա զեկուցում են վերադասին։ Անվտանգության մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Նիկոլ Փաշինյանի սեղանին են դրվել նման հարցումների վերջին օրերի արդյունքները։ ՔՊ-ի տոկոսները բարձր են եղել, սակայն քաղաքապետի ընտրությունների օրերի համեմատ՝ բավականին ցածր։ Ռեյտինգայիններից, ըստ հարցումների, առաջին տեղում Շիրակում Ֆելիքս Ցոլակյանն է եղել, Երեւանում՝ Ալեն Սիմոնյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում ներկայացրած Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ, կուսակցական հավաքի ժամանակ զգայացունց ելույթ է ունեցել, թե ՀՀԿ-ն վերջին լքողն ինքն ու եղբայրն են լինելու։ «Նա ՀՀԿ-ի ֆանատն էր ու հեղափոխությունից հետո էլ չէր դադարում փառաբանել Սերժ Սարգսյանին»,- ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ կուսակցությանը նա չի հայտնել ինքնաբացարկի պատճառները, սակայն վստահ են, որ, ինչպես Հերմինե Նաղդալյանիդեպքում, Սահակյանին էլ վախեցրել են «կոմպրոմատներով»։ Սակայն ոմանք էլ կարծում են, որ նրանք հասկացել են, որ առանց փողի ձայն չունեն, ինքնակամ փրկվում են խայտառակությունից։ Ի դեպ, ՀՀԿ-ից 4-5 անհայտ թեկնածու նույնպես ինքնաբացարկ է ներկայացրել, ՀՀԿ-ից հայտնեցին, որ նրանք ի սկզբանե ընդգրկվել են պահանջվող թիվ ապահովելու համար»: 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Երեկ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից: Մասնավորապես, զորամասի հրամանատարներին եւ տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն: Ավելին` լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու չշփվեն որեւէ մեկի հետ, որը կապ ունի Զինված ուժերի հետ եւ հնարավոր է` լինի տեղամասում կամ դրա շրջակայքում: Այս հրահանգը տալով` ՊՆ ղեկավար կազմը հրամանատարներին բացատրել է, որ սրա նպատակը մեկն է՝ որպեսզի զինվորները չտեսնեն իրենց ղեկավարներին եւ ավելորդ անգամ չկաշկանդվեն: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է մեր այս տեղեկությունը՝ հավելելով, որ զորամասի զինվորներին նաեւ ասվել է` եթե կա որեւէ մեկը, որին չի հետաքրքրում ընտրությունները, կարող է չներկայանալ ընտրության, որեւէ մեկը չի կարող եւ իրավունք չունի նրան ստիպել գնալ այդ քայլին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում հոկտեմբերի 2-ին կատարված աղմկահարույց փոփոխությունների նախագիծը: Հիշում եք` այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն, նաեւ այն ժամանակ Փաշինյանի կառավարության մաս կազմող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հապճեպ կողմ քվեարկեցին այս նախագծին, բողոքի մեծ ալիք բարձրացավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով` քաղաքացիները շրջափակեցին խորհրդարանի շենքը: ԵՒ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իրավիճակը չսրելու համար պարզապես չստորագրեց նախագիծը` այն ուղարկելով Սահմանադրական դատարան վիճարկելու դրա սահմանադրականությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործն ընդունվել է քննության, եւ դատաքննությունը կսկսվի արդեն 2019 թվականին, եւ առաջին նիստը նշանակված է հունվարի 22-ին: Այն նշանակվել է գրավոր ընթացակարգով: Պատասխանող կողմ է նշանակվել Ազգային ժողովը: Բայց այստեղ ուշագրավ է այն փաստը, որ գործի քննությունը կսկսվի այն ժամանակ, երբ այդ նախագիծն ընդունած խորհրդարանի լիազորությունները դադարեցված կլինեն, ավելին՝ հնարավոր է նախագծի ՀՀԿ-ական հեղինակները նույնիսկ պատգամավոր չլինեն: Ու կստացվի, որ նոր խորհրդարանը պատասխան է տալու նախորդի արածների համար: Չնայած այս դեպքում պարզ է, որ նոր խորհրդարանը` որպես պատասխանող կողմ, կօգնի ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ընդունված նախագիծը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստանում են ռուսական էմիսարներ` եկել են իրավիճակը հասկանալու: ՌԴ-ում մտահոգված են, որ հաջորդ ԱԺ-ում գերիշխելու են արեւմտամետ եւ սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա ծռերը», ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները։ Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքային սորոսականի համբավ ունեն եւ հայտնվել են ՔՊ ցուցակում։ Լուրջ վերապահում ունեն այնպիսի գործիչների նկատմամբ, ինչպիսիք են Դավիթ Սանասարյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը(Putin go f*uck yourself շարժման նախաձեռնող), վիրավորված են սորոսական համարվող գործիչների՝ Հովհաննես Հովհաննիսյանի ու Սոս Ավետիսյանի ներկայությունից (վերջինիս երաշխավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը)։ Ռուսները ճշտել են, որ Ավետիսյանը 1-2 ամիս առաջ է «դուրս եկել» «Սորոս»-ի ազդեցությունից՝ ԱԺ մտնելու համար»:


«Իրատես» թերթը գրում է. «Մինչ քարոզարշավում, բառի բուն իմաստով, բզկտվում են Արցախն ու բանակը, ներհայաստանյան շատ խնդիրներ դուրս են մնում քննարկումների ծիրից: Տարբեր մարզերի քաղաքացիների հետ հանդիպումներում պետք է, որ հստակ նրանց խնդիրներից խոսվի, առաջիկա տարիների զարգացման ծրագրերից, սակայն ոչ, քարոզարշավը լիովին այլ տրամաբանության մեջ է: Այս օրակարգը թելադրում է օրվա իշխանությունն ու հետեւողականորեն առաջ տանում, որին մասնակից է դառնում միայն մեկ ուժ` նախկին իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ն: Ընտրությանը մասնակցող մյուս ուժերը եւ հասարակությունը դիտորդի դերում են: ՀՀԿ-ն ու «Իմ քայլը» մրցահարթակի վրա են, իրար ջախջախում են, որից հասարակությունը ոչ մի օգուտ չունի, առավել գիտակ հատվածն էլ, որ գաղափարների, տեսլականի պահանջ ունի, հիասթափված է: Ոչ ոք չգիտի` առաջիկա 5 տարում իշխանությունն ինչպես է փոխելու իր կյանքը: Փոխարենը լսում է` սթափվեք, Արցախի կառավարության ներկայացուցիչներ, գյուղապետերի վզից բռնած դուրս ենք շպրտելու, երկա՜ր ժամանակով ենք ասֆալտին փռելու… Սակայն սա չէ միակ մեխը, որ իշխանությունը քարոզարշավին օգտագործելու է: Մեր տեղեկություններով, քարոզարշավի վերջին օրերին գործի են դրվելու իշխանական լծակները, եւ կրկին խաղի մեջ է մտնելու ԱԱԾ-ն: Անակնկալ թղթապանակ է պատրաստվել, ԱԱԾ, ՀՔԾ բացահայտումների տրցակ: Հասարակությանը կփորձեն ցույց տալ, թե քանի նախկին իշխանականների են ասֆալտին փռել ու ի՜նչ մեծ բացահայտումներ են արել: Այնպես որ, ծրագրային քննարկումների հույս չունենաք»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հերթով իր աշխատասենյակ է հրավիրում մարզի համայնքապետերին եւ նրանց հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին: Ընդ որում՝ մարպետը սպառնում է, որ եթե իր հրահանգը չկատարվի եւ տվյալ համայնքում «Իմ քայլը» համոզիչ հաղթանակ չտանի, գյուղապետը ընտրություններից հետո խնդիրներ է ունենալու իրավապահ մարմինների հետ: Սա նոր մոտեցում չէ, նույն կերպ գյուղապետերի հետ վարվում էին ՀՀԿ-ական մարզպետները, բայց 70-80 տոկոսի փոխարեն 50-60 տոկոս էին ուզում»:


«Իրատես» թերթը գրում է. «Մարտունու բժշկական կենտրոնը տեւական ժամանակ չի կարողանում նոր տնօրեն ընտրել: Նախկինի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, առաջադրվողներն էլ մեկը մյուսի հետեւից կտրվում են քննությունից: ԲԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնում է «Սասնա ծռեր» կուսակցության Մարտունու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը: «Մրցույթի երկրորդ փուլից հետո նա նույնպես կտրվել է՝ խուսափելով սահմանված կարգով բողոքարկելուց: Բայց մի քանի օր անց, երբ նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյաննաշխատանքային այցով իրենց գյուղում է եղել, գյուղացիներին հորդորել է փակել մարզպետի ճանապարհն ու վերջնագիր դնել նրա առաջ՝ կա՛մ Խաչատրյանը կլինի ԲԿ-ի տնօրեն, կա՛մ ավելի ծայրահեղ քայլերի կգնան»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը: Նա հայտնեց նաեւ, որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ Խաչատրյանը «Սասնա ծռերի» համակիր է ու ամեն բան անում է «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածու, մարզպետ Սանոսյանից ձայներ փախցնելու համար: «Ժողովրդին հրահրում է, որ մարտունեցիները, Փաշինյանին ձայն տալու փոխարեն, «Սասնա ծռերին» ձայն տան,- ասաց մեր զրուցակիցը։- Դեռեւս մինչեւ հեղափոխությունը Վիգեն Խաչատրյանը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից՝ որոշելով արտերկրում բնակություն հաստատել, բայց թղթաբանության հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, ու նրա գնալը չի ստացվել: Քանի որ ինքն անձամբ չի կարողացել առաջադրվել, «Սասնա ծռերին» առաջարկել է քրոջ ամուսնու թեկնածությունը: Նրանք էլ չեն մերժել Խաչատրյանին ու վերջինիս փեսա Դավիթ Գալստյանին ներառել են Մարտունու ռեյտինգային ցուցակում»: «Իրատեսին» հայտնի դարձավ նաեւ, որ Մարտունիում ու հարակից գյուղերում վերոնշյալ երկու ուժերի միջեւ այժմ թեժ պայքար է գնում: Մարզպետը ցանկանում է, որ ԲԿ-ի տնօրենի հարցն ընտրություններից հետո խաղաղ պայմաններում լուծվի, իսկ Խաչատրյանն ու իր փեսան էլ բուժհաստատության ղեկավարի ընտրության ձգձգման հարցը որպես մահակ են օգտագործում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում օրական լսվում է ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ: Տուգանված քաղաքացիների զգալի մասը վարչական ակտերը բողոքարկում է դատական կարգով, քանի որ անվավեր ճանաչվելու դեպքում ՃՈ-ից բռնագանձվում է փաստաբանական ծախս: Արդյունքում փաստաբանները վարորդներին շահագրգռում եւ ծառայություն մատուցում են ՃՈ-ի արտաբյուջեի հաշվին: Անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի կողմից կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 1 մլն 461 հազ. 966 որոշում: Նույն ժամանակահատվածում կայացված որոշումներից վերադասության կարգով բողոքարկվել է 14 հազ. 74-ը, դատական կարգով` 5 հազ. 838-ը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի դեմ ներկայացված հայցերով դատարանի կողմից կայացված 4 հազ. 55 վճիռներից ՃՈ դեմ կայացվել է 2 հազ. 325 վճիռ, իսկ ահա ՃՈ օգտին կայացվել է 1 հազ. 730 վճիռ: Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում որպես փաստաբանական ծախս ՃՈ-ից բռնագանձվել է 5 մլն դրամ: Եւ կա մտավախություն, որ այս գումարը կաճի եւ կվերածվի 25-30 մլն դրամի»:

Hagop Kamalian: