- 28.11.2018
- Հայաստան
- arm
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Նման պնդում լրագրողների հետ զրույցում արեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, սակայն հրաժարվեց անուններ տալ․
«Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից է», – նշեց Վանեցյանը: Վերջինս ասաց, որ շրջանակները Հայաստանից են, բայց հրաժարվեց պատասխանել հարցին՝ խոսքը նախկին իշխանության մասին է, թե ոչ․
«Շատ չգնանք առաջ, եկեք ես ուղղակի մի բան ասեմ, որպեսզի այս թեման սպառվի: Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է օպերատիվ աշխատանք: Օպերատիվ աշխատանք իրականացնելու ժամանակ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում, բայց հավատացեք՝ նրանց աշխատանքն անգնահատելի է: Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն: Տեղեկատվությունը ստացվում է, բայց, ցավոք սրտի, չի լինում փաստագրել այդ տեղեկատվությունը, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին»,- ասաց նա:
ՀՀ ԱԱԾ տնօրենը նաեւ ասաց, որ մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք և եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար․ «Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարողանանք մեղադրանքներ առաջադրել»,- հավելեց Վանեցյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր գտնեն այդ մարդկանց և պատժեն, Արթուր Վանեցյանը պատասխանեց.
«Գիտեք, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ժամանակը ցույց կտա: Այս պահին չգիտեմ՝ կկարողանա՞նք փաստագրել և քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, ուղղակի մի բան ասեմ. անկեղծ՝ ուղղակի, երևի, ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են նման քայլի դիմել և գաղտնալսել երկրի ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հատուկ քննչական ծառայության պետին, իսկ այդ խոսակցությունները կդարձնեն հրապարակային»,- ասաց նա:
Արթուր Վանեցյանն ասաց, որ իր և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը համացանցում տեղադրված է եղել սեպտեմբերի 6-ից, սակայն հանրության լայն շերտերի համար հասանելի է դարձել սեպտեմբերի 11-ին․ «Դրա պատճառն այն է, որ տեղեկատվությունը տարածելու և հետքեր չթողնելու համար նրանք պետք է գործեին շատ զգույշ, որովհետև, եթե մենք կարողանայինք ֆիքսել սկզբնաղբյուրը, հասկանալի է, որ կկարողանայինք կծիկը քանդել»,-նշեց ԱԱԾ տնօրենը։