Չեմ թաքցնի՝ Լուկաշենկոյի հետ քննարկել ենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը. Միրզոյան

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 59

Չեմ թաքցնի Մինսկում քննարկումներ են եղել նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ: Այս մասին լրագրեղների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:


Նա կառուցողական է գնահատում Մինսկում ԵՏՄ երկրների վարչապետների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը:


Հարցին, թե արդյոք Լուկաշենկոյի հետ քննարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ առաջ եկած խնդիրը, նաեւ վերջին հայտարարությունները, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես Հայաստանը ներկայացնում էի ԵԱՏՄ կառավարական խորհրդում, որի շրջանակներում կայացել է վարչապետերի, այդ թվում իմ հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:


Հանդիպման ընթացքում տարբեր հարցեր են քննարկվել, այդ թվում կնճռոտ հարցեր, այդ թվում ԵՏՄ-ին անմիջականորեն չվերաբերող, այդ գործընկերության այլ ձեւաչափերին վերաբերող, չթաքցնեմ, նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության մասին ենք խոսել: Մանրամասներ, իհարկե, չեմ հաղորդի, քանի որ փակ քննարկում էր, բայց կարող եմ վստահեցնել, որ բավականին կառուցողական է եղել քննարկումը եւ ՌԴ վարչապետի, եւ Բելառուսի նախագահի, եւ մյուս մեր գործընկերների դիրքորոշումը»:


Նա հաստատեց, որ խոսել են նաեւ Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման մասին, որին խիստ էր արձագանքել Նիկոլ Փաշինյանը. «Բոլոր նրբերանգների, բոլոր ենթահարցերի վերաբերյալ խոսել ենք, բայց ձեր թույլտվությամբ մանրամասներ չեմ հաղորդի»:


Հարցին, թե որքանո՞վ է լուծված համարում այդ հակասությունը, Միրզոյանը պատասխանեց. «Հակասություն չէ, ես կանվանեի խնդիր: Տարբեր ձեւաչափերում եթե կա գործընկերություն, կան նաեւ խնդիրներ, որոնք լուծվում են կամ չեն լուծվում: Սա այդ խնդիրներից մեկն է: Իհարկե, հարցը երեկ չլուծվեց, որովհետեւ նախեւառաջ այդ ձեւաչափը չէր, սա ԵՏՄ հանդիպում էր, ոչ թե ՀԱՊԿ-ի, բնականաբար, լուծվել չէր կարող: Բայց շուտով կկայանա ՀԱՊԿ-ի հերթական հավաքը եւ այդ ժամանակ գուցե հարցը լուծում ստանա: Քննարկումը, որին ես եմ մասնակցել, շատ կառուցողական էր»: