Դուք վարչապետի պաշտոնակատար ե՞ք, թե՞ ասֆալտչիկ. Շարմազանովը՝ Փաշինյանին (տեսանյութ)

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 66

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը քարոզարշավի երրորդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ կլինի Լոռու մարզի բոլոր համայնքներում՝ ներկայացնելու 11-ամյա գործունեությունը:


Նա անդրադարձավ նաև երեկ Լոռու մարզում տեղի ունեցած կարևոր մի իրադարձության: «Այցելել էին այսօրվա իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ, և ցավով պետք է նշեմ, որ հյուրընկալ Լոռիում մարդ էր վատացել, ու այդ վատացած մարդը ոչ պակաս, ոչ ավելի Նիկոլ Փաշինյանն էր: Գործը հասել էր նրան, որ աջ ու ձախ լոռեցիներին սպառնալիքների, շանտաժի, մատ թափ տալու, ասֆալտին փռելու, վզից բռնելու կոչեր էր անում: Ա՛յ ընկեր ջան, լոռեցիներին սկի թուրքերը չեն կարացել վզից բռնել կամ ասֆալտին փռել: 18 թվին Ղարաքիլիսայի ճակատամարտում փառապանծ լոռեցիները Նժդեհի հետ պաշտպանել են Հայաստանը»,-ասաց նա:


Շարմազանովը կոչ արեց քաղաքական բանավեճի անցնել: «Ի՞նչ է նշանակում ասֆալտին փռել, վզից բռնել, դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտ փռող, ինչպե՞ս կարելի է իջնել այդ մակարդակի, սա քաղաքական բանավե՞ճ է, թե՞ քուչի բազար»,- ասաց նա՝ հավելելով, որ վատ է զգում երկրի նման ղեկավարի համար:


«Ծրագիր ունես՝ գնա ներկայացնելու, դո՞ւ պետք է որոշես՝ ՀՀԿ-ն պետք է լինի, թե չլինի, ՀՀԿ-ն սովետի ժամանակ եղել է ու կլինի, քո նման մարդիկ կգան ու կգնան, իսկ Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը կմնա, սա գաղափարի կուսակցություն է»,- ասաց նա և ապա անդրադարձավ Փաշինյանի կոչին, որում ասվում էր, որ ՀՀԿ-ին չընտրեն:



«Ի՞նչ ես հոխորտում, թե ՀՀԿ-ին մի ընտրեք, սա ազատ ընտրություն է, ով ում ուզի, կընտրի, խեղճ գյուղապետերի հետևից ինչի՞ ես ընկել, յուրաքանչյուր գյուղապետ համայնքի սերուցքն է, հավաքական կամքն է: Յուրաքանչյուր գյուղապետ ավելի լեգիտիմ է, քան դու այսօր, և չփորձես լոռեցիների հետ այդ տոնով խոսել, կընտրեն քեզ՝ շնորհավոր, կընտրեն մեզ, թող ընտրեն մեզ, ինչի՞ ես վատացել, ա՛յ ախպեր, մի՛ մոռացի՝ պետության ղեկավար ես ոչ բարով»,- ասաց նա:


Շարմազանովը նաև խոսեց Փաշինյանի այն դիտարկման մասին, թե իրեն են մոտեցել և ասել, թե գյուղապետերը սպառնում են իրենց, որ ՀՀԿ-ին ընտրեն:


«Քո կողմնակիցներն են վախեցնում, ըստ օդում կախված լուրերի՝ պետական աշխատողներին տանում եք միտինգների, ելույթով էլ ահաբեկում ես ընտրողներին, մատ ես թափ տալիս ընտրողների վրա, մատդ կկոտրի հենց ընտրողը դեկտեմբերի 9-ին: Մոսկվայում ասֆալտչիկների տեղ կա, թիմիդ վերցրո՛ւ, գնա՛, փռի՛, մեզ ասֆալտչիկ չի պետք, մեզ պետության ղեկավար է պետք»,- ասաց նա: