- 27.11.2018
- Հայաստան
- arm
- rus
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ամոթալի որակեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունները, որ մայիսից ՀՀ-ին զենք չի մատակարարվել:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վանաձորում նախընտրական հանդիպման ժամանակ: «Ամոթալի հայտարարություններ են հնչում: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ նման հայտարարություններով թիրախավորում են Հայաստանը։ «Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք էդ կողմից, մենք՝ էս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձեւով:
Բայց նաեւ ուզում եմ ասել, եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը եւ հայ ժողովուրդը, ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի, պատրաստ են կանգնել մինչեւ վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- հայտարարեց Փաշինյանը: