Մանվել Գրիգորյանի 40 անուն անշարժ գույքը կվերադարձվի համայնքին. ՀՔԾ պետ

  • 28.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 54

Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն, 70-ից ավելի խուզարկություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։


Նա նշել է, թե Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով, հայտնում է Aysor.am-ը։


«Պարզվել է, որ Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված անշարժ գույքի փաստաթղթերի մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին»,-ասել է նա։


Սասուն Խաչատրյանն ասել է նաև, որ այս գործով գրություններ է ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մտադիր չէ հանդես գալ:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը 5.84 մլրդ դրամ կամ $10.5 մլն արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը: Նա դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մոտ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։


Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։Գրիգորյանը կալանավորվել է: