7,5 հազար եվրո. ՀՀ-ն «Մարտի 1»-ի գործերով ՄԻԵԴ որոշումներով փոխհատուցում է տրամադրելու

  • 29.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 55

Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում գործադիրն իր պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը գումար տրամադրելու որոշման երկու նախագիծ ընդունեց: Նպատակը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերի փոխհատուցումն է:


Առաջին գործը «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործն է (թիվ 46245/08 գանգատ): Որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4500 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Այս գործը 2008 թվականի Մարտի 1-2-ի դեպքերին է առնչվում։ 


Գործի նկարագրության մեջ նշվում է, որ 2008-ի մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքը ցրվել է ոստիկանության կողմից, իսկ դիմումատուն, որն այդ ժամանակ եղել է Ազատության հրապարակում, ձերբակալվել է և ավելի ուշ դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։


2008 թվականի հունիսի 11-ին Վարչական շրջանի դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար և նրան դատապարտել 1,5 տարի ժամկետով ազատազրկման:


Սույն գործով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:


Եվրոպական դատարանը եկել է այն եզրահանգման, որ դիմումատուի նկատմամբ 2008 թվականի մայիսի 1-ից 13-ը կիրառված կալանքը հիմնված չի եղել դատարանի որոշման  վրա, ուստի չի եղել օրինական:


Հաջորդը «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործն է (թիվ 18419/13 գանգատ): Ըստ որոշման նախագծի՝ 2018 թվականի հուլիսի 19-ի ՄԻԵԴ-ի վճռի պահանջները կատարելու նպատակով պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում կհատկացվի 3000 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:


Գործի նկարագրության մեջ նշվում է, որ դիմումատուն քաղաքացիական ծառայող է, ով աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարությունում որպես պետական տեսուչ:


Ըստ դիմումատուի՝ 2012 թվականի հունվարի 10-ին իր բաժնի պետը  և նրա տեղակալը իր նկատմամբ բռնություն են գործադրել: Մասնավորապես, հարձակվել են իր վրա, բռնել ձեռքերը, վիրավորել  և ստիպողաբար վերցրել իրեն առնչվող մի փաստաթուղթ: Բռնության հետևանքով ինքն ուշագնաց է եղել, հասցվել են մարմնական վնասվածքներ, թևերին ստացել է բազմաթիվ կապտուկներ  և լրջորեն նվաստացվել է:


Դիմումատուն Նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացրել է գրավոր զեկուցագիր՝ մանրամասն նկարագրելով, թե ինչ է տեղի ունեցել:


Բաժնի պետը և նրա տեղակալը ոստիկանությունում ցուցմունք են տվել  և ժխտել դիմումատուի նկատմամբ բռնության գործադրումը։


Նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն` դիմումատուի մարմնական վնասվածքները ինչպես առանձին վերցված, այնպես էլ բոլորը միասին չեն պարունակել առողջությանը հասցված կարճատև վնասի տարրեր: Դատախազը քննիչին կարգադրել է մերժել քրեական գործի հարուցումն այն հիմքով, որ հանցագործություն չի կատարվել:


2012 թվականի մարտի 5-ին քննիչը մերժել է քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և ամբողջությամբ անփոփոխ է թողել Վարչական շրջանների դատարանի որոշումը:


Սույն գործով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի խախտում: Եվրոպական դատարանը նախ նշել է, որ դիմումատուն իրավասու ազգային մարմինների առջև փաստարկելի պնդում է արել, որ իր նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք, ապա նկատել, որ պետք է իրականացվեր գործի անկախ և արդյունավետ քննություն, որը հնարավորություն կտար պարզելու գործի փաստերը և, եթե ի հայտ գար, որ պնդումները ճիշտ են՝ հայտնաբերելու մեղավորներին և հավանական պատիժ սահմանելու նրանց նկատմամբ: