- 27.11.2018
- Հայաստան
- arm
Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ջնջել է ֆեյսբուքյան իր քննադատական գրառումն՝ ուղղված Սասուն Միքայելյանին:
Սենոր Հասրաթյանը երեկ անդրադարձել էր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանի ելույթին, որտեղ նա նշել էր, որ հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: «Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, եւ այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասաց Միքայելյանը:
Անդրադառնալով Միքայելյանի այս հայտարարությանը Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հետեւյալը. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»:
Սասուն Միքայելյանի հայտարարությանն անդրադարձել էր նաեւ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, գեներալ-լենտենանտ Արշավիր Ղարամյան՝ կոչ անելով «գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» սասուն միքայելյանին»:
Նա իր Facebook-յան գրառման մեջ փոխրատառերով է գրել Սասուն Միքայելյանի անունը՝ անվանելով նրանք նախկին ազատամարտիկ։
«Այսօր,արդեն նախկին ազատամարտիկ ՝ սասուն միքայելյանը իր պատկերացմաբ կարևոր «պատմական» հայտարարություն է արել,արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին,ասել է թէ հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել:
Դիմում եմ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներն ՝ Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» սասուն միքայելյանին», – ասված է նրա գրառման մեջ:
Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը եւ դրա քննադատողներին անդրադարձել էր նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ ոչ այնքան հաջող ձեւակերպում արեց եւ ինքն էլ ուղղեց իրեն՝ նշելով, որ նկատի է ունեցել՝ համաժողովրդական շարժումը կարեւոր էր Արցախի ամրության առումով: Ու հիմա անհասկանալի է այս ամբողջ աղմուկը: Այս մասին ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այսօր Գյումրիում Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ տեղի ունեցած հեղափոխությունն առավել կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը:
«Հիմա հիշում եմ նմանօրինակ մի 2 հայտարարություն, երբ ես ասեցի, որ չեմ թողնելու զինվորի հագուստի, սնունդի, պարագաների վրա իրենց անձնական բարեկեցությունն ապահովեն ոմանք: Ես զարմանում եմ, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են բանակի թալանին, զինվորների բաժինը գողցողների հետ են նստել ու վեր կացել, հիմա մի սխալ ձեւակերպման համար ուզում են աչոկներ հավաքել»,-ասել էր Փաշինյանը: