- 26.11.2018
- Հայաստան
- arm
- rus
«Սասնա ծռեր» կուսակցությունն այսօր մեկնարկել է նախընտրական քարոզարշավը մի հայտարարությամբ, որին ավելի ուշ անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Մասնավորապես, կուսակցության նախընտրական ցուցակի առաջնորդ Վարուժան Ավետիսյանը կարծիք է հայտնել, թե նոր ընտրվող Ազգային ժողովը երկար կյանք չի ունենալու, առաջիկա երկու տարին լինելու անցումային խորհրդարան, որից հետո էլ նոր արտահերթ ընտրություններ կլինեն:
«Մենք հենց այդպիսի ծրագիր ենք ներկայացրել, և մեր կարծիքով՝ Ազգային ժողովը երկու տարի հետո այլևս պետք է ամփոփած լինի իր անցումային փուլի անելիքը և նորից պետք է արտահերթ ընտրությունների գնանք։ Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն և հենց դրա հիմքով պետք է լինեն նոր, արտահերթ ընտրություններ», – մասնավորապես նշել է Ավետիսյանը։
Այս հայտարարությունը վրդովվեցրել է Փաշինյանին, ով հորդորել է նորաստեղծ կուսակցությանը «չշշկռվել».
«Դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», – ասել է Փաշինյանը:
Նա նաև հավելել է, որ իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։