Verelq: Գնաճ եք «սադրում»․ Փաշինյանի կողմնակից տնտեսագետները՝ Շարմազանովի հայտարարության մասին

  • 26.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

3
 114

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովն ասում է, որ մայիսի համեմատ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են մի քանի անգամ։ Ոչ միայն տնտեսագիտությունից, այլ նաև թվաբանությունից ենք անցել, որ մի քանի անգամ նշանակում է առնվազն 200%։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։


Նա կասկածի տակ է դնում Ճարմազանովի հայտարարությունն ու առաջարկում վերջինիս ԱՎԾ հաշվետվությունից ցույց տալ ավելի քան 300 ապրանքներից կամ ծառայություններից մեկ, գոնե մեկ ապրանքի կամ ծառայության անուն, որը մայիսի համեմատ թանկացել է մի քանի անգամ։


Վարչապետի խորհրդաականը խոստանում է առաջիկայում ներկայացնել, որ ապրանքն ինչքան է թանկացել կամ էժանացել։ «Մայիսի համեմատ հոկտեմբերին սննդամթերքը էժանացել է 4.5%-ով», – նշում է նա ու հեգնական հարցադրում կատարում․ «Հիմա որ հարցնեմ՝ թանկացումը ՍԳԻ-ով ա հաշվել, թե ՀՆԱ-ի դեֆլյատորով, լայվը կանջատվի չէ՞»։


Թեմային անդրադարձել է նաեւ տնտեսագետ, «Իմ քայլը» դիշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Բաբկեն Թունայնը՝ որակելով «մի քանի» անգամ թանկացումների մասին հայտարարություններն «անհիմն» ու «գնաճ սադրող»։


«Ուրեմն, 2018 թվականի հոկտեմբերին 12-ամսյա գնաճը (այս տարվա հոկտեմբերը՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ) կազմել է 2.8%։ Դա ոչ միայն թույլատրելի միջակայքում է (2.5%-ից 5.5%), այլև դրա ստորին շեմին մոտ է։ Ոչ տնտեսագետներին ասեմ, որ չափավոր գնաճը տնտեսության համար անհրաժեշտ բան է. ոչ բարձր գնաճն է լավ բան, ոչ էլ չափից դուրս թույլ գնաճը կամ գնանկումը։


Օրինակ, այս տարվա մայիսին ու հունիսին երբ 12-ամսյա գնաճը նվազեց ու հասավ 0.9%-ի, ՀՀԿ անդամ նախկին նախարարներից մեկը, ով փայլուն տնտեսագետ է, արդարացի մտահոգություն էր հայտնել էս առիթով։ Հիմա մտահոգվելու բան չկա, բայց եթե մտահոգ եք…. չասեմ․․․


Առանձին ապրանքախմբերով դիտարկելու դեպքում՝ սննդամթերքը 12 ամսվա կտրվածքով թանկացել է 3.5%-ով, ինչը կրկին նորմայի մեջ է։ Ամենաշատը թանկացել է տավարի միսը՝ 22.7%-ով։


Էնպես որ, երբ ասում են՝ որոշ ապրանքների գները մի քանի անգամ աճել են, դա, մեղմ ասած, ապատեղեկատվություն է։


Ու ամենակարևորը՝


Թե բա՝ մտահո՞գ եք նոր թանկացումներով, մտահո՞գ եք գների հետագա աճով….


Ուրեմն, եթե մարդը իրոք մտահոգ է լինում գների անթույլատրելի բարձր աճով, ինքը պետք է առավել քան զգույշ ու պատասխանատու լինի իր ձևակերպումներով։ Որովհետև գների վրա մեծապես ազդում են սպասումները։ Ու եթե շատ է խոսվում այն մասին, որ որոշ ապրանքների գները շուտով "կթռնեն", էդպես էլ լինում է. մարդկանց մոտ գնաճային սպասումներ են ձևավորվում, մարդիկ մտածելով, որ գներն իրոք կաճեն՝ շտապում են խանութներ, մեծ քանակությամբ այդ ապրանքներից գնելու համար։ Պահանջարկը կտրուկ մեծանում է, առաջանում է արհեստական դեֆիցիտ, ինչը բերում է գների աճի։ Այսինքն, տեղի է ունենում այն, ինչի մասին խոսվում էր։


Ավելին, վիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու վերածվել խուճապի, ինչպես եղավ 2014 թվականի դեկտեմբերին՝ դոլարի հետ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են։


Էնպես որ, եթե գնաճը չափի մեջ է, ու ոմանք անդադար խոսում են գների հնարավոր աճի մասին՝ կեղծ տվյալներ տարածելով գների մի քանի անգամյա բարձրացման մասին, իրենք ոչ թե մտահոգ են, այլ հակառակը՝ փորձում են գնաճ "սադրել"։ Եթե այս ամենը հասկանալով են անում՝ վատ է, եթե առանց հասկանալու՝ էլի վատ է», – նշում է փորձագետը։