X
    Categories: 2018

Մամուլ. Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի եղբորորդին դրամանենգների բանդայի հետ

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

9
 147

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով կեղծ թղթադրամների պատրաստմամբ զբաղվող խմբի բացահայտման մասին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ գործով ձերբակալված անձանցից մեկը պատմել է, թե բավական մեծ պարտքեր է ունեցել: Ավելին` մեկ տարի առաջ պարտքատերերը առեւանգել են այդ պարտքի պատճառով` պահանջելով վերադարձնել գումարները: Բայց առեւանգված անձին պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը այժմ իրավապահների կողմից ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու մեղադրանքով հետախուզման մեջ է: Ի դեպ, վերոնշյալ անձին ձերբակալելուց հետո իրավապահները ստորագրությամբ ազատ են արձակել: Թե ինչ կապ կարող է ունենալ Նարեկ Սարգսյանն այս խմբի հետ, դժվար է ասել: Բայց լուրջ կասկածներ կան, որ դրամանենգերի թիկունքում հասարակ մարդիկ չեն եղել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը երեկվանից մեկնարկել է: Նկատենք, որ խորհրդարանական այս ընտրությունները մի քանի կարեւոր առանձնահատկություն ունեն. սա լինելու է թավշյա հեղափոխության ճանապարհին եզրափակիչ քայլը՝ ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության գործընթացի ավարտը: Մոտ երկու տասնամյակի ընդմիջումից հետո իշխանությունը ձեւավորել է ՀՀ քաղաքացին` վստահ լինելով, որ այս ընտրություններում ընտրակեղծիքներ տեղի չեն ունենա, իր կամքի վրա չեն բռնանա, քվեն չեն գողանա: Ըստ այդմ` ՀՀ-ում վերականգնվելու է իշխանության լեգիտիմությունը: Միաժամանակ նկատենք, որ ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի են. որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը լինելու է բացարձակ հաղթող, չի կասկածում ոչ ոք, անգամ Փաշինյանի ընդդիմախոսներն են հայտարարում այդ մասին, միայն թե այդ ամենը պատճառաբանում են թավշյա հեղափոխությանը հաջորդած ոգեւորությամբ: Այս համատեքստում «Իմ քայլը» դաշինքից բացի ընտրություններին մասնակից մյուս ուժերը չեն խոսում հաղթանակի, իշխանության գալու մասին, այլ հայտարարում են, թե հենց իրենք են լինելու երկրորդ ուժը: Ասել է թե` 11 քաղաքական ուժերից 10-ն այս ընտրություններում պայքարում է երկրորդ տեղի համար` ի սկզբանե ընդունելով Փաշինյանի ղեկավարած ուժի հաղթանակը, մի հանգամանք, որ նախկինում երբեւէ չէր եղել: Մնում է` այսքանից հետո նոր իշխանությունն արդարացնի հասարակության սպասելիքները, որովհետեւ մեծ առավելությամբ հաղթանակը նաեւ մեծագույն պատասխանատվություն է, մեծագույն բեռ:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Շիրակում լուրջ «ասող» է դարձել ԱԻՆ նախարար, արդեն «Իմ քայլի» կողմից «քայլող», Սերժ Սարգսյանից «առնետ» անվանված Ֆելիքս Ցոլակյանը։ Վերջինս «Մենք» դաշինքից Շիրակում ռեյտինգային թեկնածու առաջադրվելու պատրաստվող՝ խոշորացված երեք համայնքների գյուղապետերից մեկին կանչել, ասել է՝ դու մի դիր, ես ընտրություններից հետո ավելի լավ պաշտոնի եմ գնալու (նկատի ունի ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը), քեզ համար լավ կլինի. վերջինս համաձայնել ու հրաժարվել է առաջադրվելուց։ Բանն այն է, որ եթե ՀՀԿ-ից փախած, ՔՊ-ում նախկին թիմին դավաճանելու հաշվին հանգրվանած, «դիվիդենդներ» շահած Ցոլակյանը շատ ձայներ չբերի, կդառնա ընդամենը շարքային պատգամավոր, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ, ինչն էլ պատճառ էր դարձել, որ նա առաջինը դավաճանի ՀՀԿ-ին, որովհետեւ պաշտոն շա՜տ էր ուզում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ողջ շաբաթ օրը քայլած «ՔՊ» էլիտան բավականին ուժասպառ է եղել։ Շատերին զարմացրել է քայլերթը վարող, կոչերով հանդես եկող Նիկոլ Փաշինյանիդիմացկունությունը, չնայած լուրեր տարածվեցին, որ նրա զգացողությունն ինչ-որ մի պահի փոքր-ինչ վատացել է։ «Բոլոր դեպքերում, Նիկոլը շատ մեծ ֆիզիկական վիդերժկա ունի․ անգամ վարչապետ ժամանակ գրեթե ամեն առավոտ 6-ին նա «Գրանտ սպորտ» ակումբում պարապում է՝ հատուկ իր համար այդ ժամին բացում են ակումբը։ Իհարկե, անվտանգությունն ուշի-ուշով հսկում է, ժամուկես պարապելուց հետո Փաշինյանը մեկնում է կառավարություն՝ գործի»,- ասաց մեր աղբյուրը։ Փաստորեն, ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ անվտանգության տղաների աշխատանքն է դարձել կրեատիվ․ հսկում են օդում, ջրում եւ ցամաքում, ուսապարկը կրում։ «Նորմալ է»։ Նախկինում այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ Փաշինյանը նույն ֆիտնես ակումբում էր պարապում․ այնտեղ էին նրանք միտինգներից առաջ ծանոթացել, լավ հարաբերություններ հաստատել, ինչն էլ հարթակ դարձավ վերջինիս՝ ոստիկանապետ դառնալու համար:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դաշնակցությունը երեկ Արամ Մանուկյանի արձանի մոտ դաշնակցական երգերով, ՀՅԴ լոգոյով փուչիկներով, տնական գինիով եւ խարույկով սկսեց իր քարոզարշավը։ Միայն դիմակահանդեսն էր պակասում։ Դա էլ եղավ վերջում՝ ջահերով երթի ու շուրջպարի տեսքով։ Բայց լոգոյի եւ կարգախոսի մասով՝ «Հավատարիմ հողին ու հային», կարծես ՀՅԴ-ի ստեղծագործ միտքը նահանջ է ապրել նախորդ ընտրությունների համեմատ, մանավանդ՝ նախընտրական պաստառի ձեւավորման առումով, որը նախորդ գրեթե բոլոր ընտրություններին արել է դիզայներ Սամվել Փարթամյանը՝ օգտագործելով Սարյանի կտավները, գեղեցիկ լուսանկարներ։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է այս անգամվա անճաշակ պաստառի հեղինակը։ «Կոմերցիոն գաղտնիք է։ Բայց փորձել ենք միշտ նոր մոտեցումներով, օրվա հրամայականը, օրվա պահանջը նկատի ունենալով՝ միշտ նոր մոտեցումներով ներկայանալու։ Ամեն դեպքում կարծում եմ, որ առիթ կունենաք թեկուզեւ կարճատեւ քարոզարշավի ընթացքում արձանագրելու, որ փորձել ենք հետաքրքիր լուծումներով, նոր ձեռագրով կազմակերպել»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է լոգոյին ու պաստառին, ապա․ «Դաշնակցության շտաբը գործուն մասնակցություն է ունեցել թե՛ լոգոյի մշակման, թե՛ կարգախոսի ճշտման հարցում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին․ կիրակի կիսաշեն հյուրանոցի միակ վերանորոգված սրահում են անցկացրել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, որի ժամանակ 236 մլն դրամ է հանգանակվել։ Հիշեցնենք, որ այս հյուրանոցում կայացավ նաեւ Ֆրանկոֆոնիայից հետո հայտնի գալա-ընթրիքը։ Թե ինչով է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանի կիսաշեն «Դվին» հյուրանոցը գրավել նոր եւ հին իշխանություններին, մեր աղբյուրը պատասխանեց․ «Առանձնապես ոչ մի բանով, զալն է մեծ ու մայրաքաղաքի սրտում է»։ Նոր իշխանությանը չեն զիջում նաեւ իրենց «միակ ընդդիմություն» հռչակած ՀՀԿ-ականները։ Երեկ երեկոյան կուսակցության ակտիվը պատգամավորության թեկնածուների հետ նույնպես հավաքվել է «Դվին»-ում՝ հին ու բարի ժամանակների պես հայտարարելու դահլիճային ընտրարշավի մեկնարկը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև ավտոտնակ: Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է նաև «Mercedes–Benz C 250 CGI» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 8 500 000 ՀՀ դրամ և 6500 ԱՄՆ դոլար: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 12 917 219 ՀՀ դրամ: Նշված եկամտից 11 206 841 ՀՀ դրամը և 35 000 ՀՀ դրամը նա ստացել է երկու տարբեր աշխատավարձերից: Գ. Գևորգյանը նաև այլ եկամուտներ է հայտարարագրել, որը կազմել է 1 675 378 ՀՀ դրամ: Նշենք, որ մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը Գեղամ Գևորգյանը զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետև գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է: Այս իրավիճակում տուժում են նաեւ գյուղացիները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ: «Ժողովուրդ» թերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն կարտոֆիլ գնել է 80-86 դրամով, պայմանագիր կնքել է «Բիզնես Թրենդ» ընկերության հետ, որի հիմնադիրն է Նելլի Միքայելյանը: Իսկ ահա «Էրիզ» ընկերության հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ՊՆ-ն կարտոֆիլը ձեռք է բերել 85-101 դրամով: Թերթի հետ զրույցում կարտոֆիլագործները դժգոհեցին, որ միջնորդներն այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով` 50-60 դրամով, մինչդեռ պաշտպանության նախարարությանը այն մատակարարվում է 80-105 դրամով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտեւի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ եւս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։ Դեբատն ընթանալու է մոտավորապես հետեւյալ ֆորմատով․ լիդերները հանդես են գալու բացման խոսքով, ապա նրանց բոլորին տրվելու է 3-ական հարց, որից հետո ամեն մեկն իրավունք է ունենալու մեկ հարց ուղղել մասնակիցներից մեկին՝ ում ցանկանա։

Karapet Navasardian: