ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու մասով

  • 03.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

5
 127

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ:


«Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:


Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազը միջնորդությունը ներկայացրել է այսօր: Հայտարարության մեջ ասվում է, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։