Մեկ տարուց կունենանք ավելի համախմբված միություն. Փաշինյանն ընդունեց ԵԱՏՄ նախագահությունը

  • 06.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 73

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:


Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:


Խորհրդի մասնակիցներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, թվային օրակարգը: 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման և ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաև միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:


ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը:


Որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:


Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.


«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,


Թույլ տվեք ողջունել այսօրվա հանդիպման բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ռուսական կողմին մեր հանդիպման գերազանց կազմակերպման և ավանդական ջերմ ու հյուրընկալ ընդունելության համար, որին մենք արժանացել ենք այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում:


Հարգելի գործընկերներ,


Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարևորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա:


Այսպիսով, 2018 թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15 տոկոս: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22 տոկոսով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7 տոկոսով: Ավելանում է նաև ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում:


Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլև մեր միության ներսում գործող ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին:


Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» և սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը և դրա զարգացման հիմնական ուղղությունները:


Մենք համոզված ենք, որ մեր երկրների ինտեգրումը, ի վերջո, պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ և անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ:


Հարգելի գործընկերներ,


Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է և հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, և մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ:


Հայաստանը հատկապես կարևորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առևտրային գործընկերներն են: Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նաև պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում:
Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի և Չինաստանի հետ պայմանագրերը, որքան հնարավոր է, շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունն ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, և շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային ժողովի հաստատմանը:


Հարգելի գործընկերներ,


Այսօր Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք, ըստ էության, ազդում են մեր հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենից բաց, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: Ստեղծվել են բոլոր պայմանները մեր ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար:


Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձեւավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ամրապնդման և տնտեսական ու քաղաքական բնագավառում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ։


Վերջում ես կցանկանայի անդրադառնալ Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացուցվածության հարցին: Առաջնորդվելով մեր գործընկերային փոխհարաբերությունների և մեր միության գործունեության հետ կապված կառուցողական մոտեցման սկզբունքներով՝ մենք չենք պնդում անհապաղ քննարկել այդ հարցը և համապատասխան որոշում կայացնել: Այնուամենայնիվ, սա մեզ համար զգայուն հարց է, և մենք կցանկանանք այն թողնել մեր քննարկումների ընդհանուր օրակարգում` բոլորիս համար փոխշահավետ լուծում գտնելու համար:

Եվ, ավարտելով ելույթս, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահությունը և ուրախ է հյուրընկալել խորհրդի նիստերից մեկը: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը այդ կարևոր և պատասխանատու խնդրի հաջող լուծման համար։ Հուսով եմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված միություն, որը կծառայի է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին»:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS