X
    Categories: 2018

Verelq: Մամուլ. «Անտեղյակ» Արայիկ Հարությունյանը` Բակո Սահակյանի փոխարե՞ն. ի՞նչ է սպասվում Արցախին

  • 14.12.2018
  •  

  • Հայաստան
  •  

10
 184

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից իրարամերժ լուրեր էին տարածվում՝ Արցախի ուժային բլոկին առնչվող, այդ թվում նաեւ այն, որ ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կփոխարինի Բակո Սահակյանին եւ այդ իսկ պատճառով այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Մեր հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ես Մոսկվայում եմ ընտանիքով՝ ընդամենը անձնական գործերով, ինչ վերաբերում է Ձեր մատնանշումներին, ո՛չ նման բան կա, ո՛չ էլ անհրաժեշտություն՝ այստեղ նման խնդիրներ քննարկելու»։ Բոլոր դեպքերում խոսվում է, որ Դուք եք փոխարինելու Բակո Սահակյանին։ «Անհեթեթություն է։ Բակո Սահակյանին փոխարինելու համար ընտրություններ պետք է լինեն, եւ ժողովուրդն է որոշելու, թե նրան փոխարինողն ով է լինելու՝ ընտրությունների արդյունքներով»։ Հնարավո՞ր է Բակո Սահակյանի վաղաժամ հրաժարականը։ «Ո՛չ»։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում լուրերին՝ Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի հրաժարականների։ «Եթե անկեղծ՝ ես տեղյակ չեմ, կտրված եմ այդտեղի իրականությունից, ես հասկանում եմ, թե Դուք ինչ նկատի ունեք, բայց միեւնույն է՝ տեղյակ չեմ»։ Նա Արցախ կվերադառնա 3 օրից»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւան էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են ՀՀ ու ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, ԼՂՀ եւ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բակո Սահակյանի՝ Երեւան գալու եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պատճառներն իրականում այլ են: Ինչպես հիշում եք, ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի պաշտոնյաների եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի միջեւ մի քանի անգամ խոսքերի «փոխհրաձգություն» եղավ: Արցախցի պաշտոնյաները կոշտ մեկնաբանություններ էին արել սկզբում Սասուն Միքայելյանի, հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ` առանց դրանց բովանդակությանն ամբողջությամբ ծանոթանալու, այլ բավարարվելով միայն խոսքերի՝ կոնտեքստից կտրված հատվածներով, որ շատ կայքեր որպես վերնագիր էին դրել: Փաշինյանը երկու դեպքում էլ պատասխանեց, ընդ որում՝ երկրորդ անգամ հորդորելով անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ լարվածությունն անհանգստացրել է Արցախի իշխանության շատ ներկայացուցիչների, եւ Ստեփանակերտում օրեր շարունակ քննարկումներ են ծավալվել` փորձելով իրավիճակը մեղմելու ելքեր գտնել: Ընդ որում` Արցախի իշխանության մեջ էլ կարծիքները միատեսակ չեն եղել. մի մասն ասել է, թե հաշտության առաջին քայլը ՀՀ-ն պետք է անի, բայց շատերը պնդել են, որ Հայաստանն իրենց մեծ եղբայրն է, հակադրվելու իրավունք չունեն, առավել եւս՝ իրենք են սխալ եղել ինչպես մարդկային, այնպես էլ իրավական տեսանկյունից, հետեւաբար պետք է ներողություն խնդրել ու հաշտվել: Նաեւ որոշվել է, որ դա կարող է անել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ում էլ գործուղել են Երեւան: Իսկ այս հանդիպմանը հնարավոր է` Արցախում հաջորդի պաշտոնանկությունների շարք:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի ազատման պաշտոնական հրամանը երեկ չեղավ, սակայն Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ՊԲ ապագա հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ՊԲ շենքում հանդիպել է սպաների հետ։ Նա բանակի գլխավոր շտաբի պետն է։ Իսկ շտաբի պետի պաշտոնում նրան կփոխարինի զորամիավորման հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Կարեն Աբրահամյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի եղբայրն է։ Հատկանշական է, որ ՊԲ նոր հրամանատարն էլ, շտաբի պետն էլ Արցախից են, տարբեր պաշտոններ են զբաղեցրել զինված ուժերում, բանակում հարգանք են վայելում: Մինչ այդ տեղեկություն կար, որ, ամենայն հավանականությամբ, կնշանակվեն ՀՀ-ից: Ըստ էության, ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանիկալանավորման հարցը դատական համակարգում դարձել է ներքին տարաձայնության առիթ: Վերաքննիչ դատարանի դատավորներից Ալեքսանդր Ազարյանը, որի որոշմամբ Քոչարյանն ազատ էր արձակվել, հրապարակավ հայտարարեց, թե դատական համակարգի վրա կա բիրտ ճնշում: Սա այն բանից հետո, երբ ավելի ուշ վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի՝ Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ Քոչարյանը կալանավորվեց: Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին՝ պարզելու, թե իրեն ճնշել են, թե ոչ: Նա օգնականի միջոցով փոխանցել է հետեւյալ պատասխանը. «Մխիթարյանը հարկ է համարել ընդամենը ընդգծել, որ Ձեզ հետաքրքրող գործի առնչությամբ որեւէ մեկի հետ դատական նիստից դուրս որեւէ քննարկում չի ունեցել, իր` որպես դատավորի գործունեությանը որեւէ միջամտություն կամ դրա փորձ չի եղել, հակառակ դեպքում այն, անկասկած, կարժանանար օրենքով նախատեսված համարժեք արձագանքի»: 

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռեւերանս անել գործող իշխանությանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: ԱԺ փոխնախագահի տեղի համար պայքարում են նաեւ ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկվար Տիգրան Ուրիխանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի որոշումը վերջնական է»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Հայկ Գևորգյանը: Գևորգյանը երկար տարիներ աշխատել է տնտեսական լրագրող Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ մշտապես քննադատելով օրվա իշխանությունների տնտեսական քաղաքականությունը:Հիմա պետք է տեսնել, թե նա ինչպես է նոր իշխանության կազմում իրականացնելու երկրի տնտեսական քաղաքականությունը և ինչպիսի արդյունքներ է գրանցելու»:


«Փաստ» թերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ եւ այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաեւ մարզպետների հարցը: Բանն այն է, որ տասը մարզպետներից «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է ութը, նրանցից յոթն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, որեւէ մարզպետ պատգամավորի մանդատ չի ստանա: ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ բոլոր տասը մարզպետները կպահպանեն իրենց պաշտոնները: Այսպիսով, վարկանիշային ընտրակարգով մարզպետների փոխարեն պատգամավոր կդառնան տարածքային ընտրական ցուցակների հաջորդ համարները (Արագածոտնում ու Տավուշում՝ երրորդ արդյունք ունեցողները, Գեղարքունիքում, Շիրակում ու Սյունիք–Վայոց ձոր ընտրատարածքում՝ չորրորդ, իսկ Արարատում ու Կոտայքում՝ հինգերորդ արդյունքն ունեցողները):
Ի դեպ, ուշագրավ է, որ ընտրված յոթ մարզպետներից չորսը լավագույն արդյունքն են գրանցել իրենց ընտրատարածքներում, Շիրակի մարզպետը զիջել է միայն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին,Գեղարքունիքի մարզպետը՝ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանին, իսկ Տավուշի մարզպետը՝ Սիփան Փաշինյանին: Առաջադրվածներից չի ընտրվել միայն Լոռու մարզպետը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նորընտիր իշխանությունը պատրաստվում է պետական համակարգի օպտիմալացման գնալ՝ մեղմելով պատգամավորների թվի աճի վերաբերյալ որոշակի դժգոհությունները։ Տեղեկություններ կան, որ նոր ձեւավորվող կառավարությունը կունենա ոչ թե երեք փոխվարչապետ, որն օրենքի պահանջն էր, այլ՝ մեկը, 18 նախարարությունն էլ կկրճատեն՝ հասցնելով 11-ի։ Ըստ այդմ՝ նոր ձեւավորվող ԱԺ-ում քննարկվող նախագծերից առաջինը թերեւս կլինի կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին ՀՀ օրենքի նախագիծը: 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սեւ ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով գնումների բողոքարկման խորհուրդ է դիմել Երեւանի քաղաքապետարանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնանշման հարցման ընթացակարգին, ճանաչվել է առաջին տեղ զբաղեցրած մասնակից: Բայց որոշ ժամանակ անց պարզվել է, որ բժշկական կենտրոնը չի բավարարել հրավերով սահմանված որակավորման չափանիշների պահանջները. ֆինանսական պարտավորություններն ընկերության ակտիվներից շատ են: Մինչդեռ բժշկական կենտրոնը պնդում է, որ վարկեր է վերցրել ժամանակակից բուժսարքավորումներ գնելու համար: Ու հիմա այս պատմությունը գնալով նոր զարգացումներ է ստանում. ԲԿ-ին մինչեւ 2020թ. թույլ չեն տալու մասնակցել պետական գնումների գործընթացին:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նկատո՞ւմ եք՝ 102-րդ բազայի զինվորը կրկին ահավոր հանցագործություն է կատարել, վերջինիս ձերբակալել են, եւ նա, ինչպես ժամանակին Պերմյակովը, գտնվում է ռուսական ռազմաբազայում, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում, Գյումրիի քաղհասարակությունը լուռ է, ոչ մեկը ձայն չի հանում, քարեր չեն նետում ռազմաբազայի ուղղությամբ, բողոքի ակցիա չկա, ինչն ամենեւին էլ պայմանավորված չէ կատարված հանցանքի ծավալով, այլ զուտ քաղաքական մոտեցման արդյունք է։ Այն ժամանակ պետք էր օրվա իշխանության, Սերժ Սարգսյանի դեմ ընդվզելու, նրա վասալական կախվածությունը Ռուսաստանից ընդգծելու համար, այսօր նման «պատվեր» չկա իշխանությունների դեմ»,- ասաց Պերմյակովի գործին առնչված իշխանական նախկին պաշտոնյան։ Հիշեցնենք՝ Գյումրիում դեկտեմբերի 3-ին 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել։ Վերջինիս գտնվելու վայրի մասին չի խոսվում, պահպանվում է կոնֆիդենցիալություն պատկան մարմինների կողմից։ Խնդրի առնչությամբ մեր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Արեւիկ Խաչատրյանն ասաց․ «Այս պահին այլ մանրամասներ չենք հաղորդում, միայն հայտնում ենք, որ ձերբակալված է»»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին: Խոսքը մոտ մեկ միլիոն դոլարի կամ ավելի կոնկրետ՝ 465 մլն դրամի մասին է: Շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար: Սարգսյանը մինչև հիմա փորձել է գումարը ստանալ համոզելով, սակայն տեսնելով, որ Ծառուկյանը որոշել է իրենց քցել, դիմել է իրավապահ մարմիններին: Եթե Զարուհի Սարգսյանի դիմումում նշված հանգամանքները հաստատվեն, ապա Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ»:

Ani Kharatian: