- 18.12.2018
- Հայաստան
- arm
- rus
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նախօրեին նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Այս լուրը ոչ միանշանակ է ընկալվել, հատկապես հաշվի առնելով Կարապետյանի անցած ուղին:
Դրան է անդրադարձել նաև հետաքննող լրագրող, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է», – Facebook-ի իր էջում գրել է Բաղդասարյանը։
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ, լրացնելով Բաղդասարյանի գրառումը, գրել է.
«Ես էլ ասում եմ, անունը որտեղից ա ծանոթ։ Հիշացնեմ նաեւ, որ հետախուզությունը տեղյակ չէր, որ Ադրբեջանը գնել է Իսրայելից կամիկաձե դրոններ։ Ինչի հետեւանքով զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին։ Ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ։ Մինչ դեռ մամուլից ամիսներ առաջ հայտնի էր, որ Իսրայելը դրանք վաճառել է երկու երկների։ Հաշվի առնելով, որ շատ չէ այն երկրների ցանկը, որոնց Իսրայելը մատակարարում է հարվածային դրոններ, նման եղրակացության կարելի էր գալ նույնիսկ չլինելով հետախուզության ղեկավար»։
Հիշեցնենք, Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Այս փետրվարից նա զբաղեցնում էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդի պաշտոնը։