- 22.12.2018
- Հայաստան
- arm
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքային բարեփոխումների` նախարարությունների կրճատման, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների փակման, ավելորդ մանկավարժների կրճատման արդյունքում մոտավոր հաշվարկներով կարող են գործազուրկ դառնալ 50-55 հազար պետական աշխատողներ: Թե պետական աշխատանքը կորցնելուց հետո նրանք ինչով են զբաղվելու՝ հայտնի չէ: Միակ տեսանելի աշխատանքը այս պահին շարունակում է մնալ տաքսու վարորդը, որոնց կառավարությունը հարկային արտոնություններ է տվել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում որոշել են առժամանակ հետ քաշվել, դեբատների, քննարկումների չմասնակցել, խոսել խիստ անհրաժեշտության դեպքում, որ նորերը, որ գրեթե քաղաքականության այբուբենին ծանոթ չեն, երևան «ողջ հասակով մեկ»: ՀՀԿ-ում չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը կանցնի «թոշակի»` հետագայում էլ չդադարելով հաշվել ու շախմատային տախտակը շարել: Իսկ ինչպե՞ս է գոյատևելու կուսակցությունը։ «Կարծում եմ` խնդիրը կա, բայց ոչ շատ սուր. Վիգենը զբաղված է «Լույս» հիմնադրամով, Արփինեն, Շարմազանովը դասախոսում են, Վահրամ Բաղդասարյանը նույնպես կրթական համակարգում տեղ կգտնի, Դավիթ Հարությունյաննիրավաբանական ընկերություն է հիմնել, Աշոտյանն էլ կուսակցության գործերով կզբաղվի: Կուսակցությունն այս պահին ունի բավականին անշարժ գույք` 70-ից ավելի գրասենյակներ, որոնց մեծ մասը Երևանում է։ Վերջին հաշվով, կարող են այդ գրասենյակների տարածքների մի մասը տալ վարձակալության, հոգալ կուսակցության ծախսերը»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, ՀՀԿ Կենտրոն համայնքի գրասենյակը, որը գտնվում է Բուզանդի 1/2՝ Երևանի քաղաքապետարանին պատկանող շենքում, մինչև 2027 թվականը պայմանագիր ունի։ Մինչդեռ Տարոն Մարգարյանն այս շենքում տեղակայված լրատվական կազմակերպությունների հետ պայմանագրերն ընդամենը 2 տարով էր կնքում»։
«Փաստ» թերթը գրում է. «Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին: Պաշտոնական արձագանքները չափազանց կցկտուր են, սկզբունքորեն, կարելի է ասել, դրանք բացակայում են: Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաև կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որևէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս լուռ մնալ, միայն սուր անհրաժեշտության դեպքում պաշտոնապես սոսկ մեկ նախադասությամբ սահմանափակվել՝ «բանակցություններն ընթացքի մեջ են»: Տեսակետ կա, որ իշխանություններն իրենք էլ լիարժեք չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում առաջիկայում, այդ իսկ պատճառով աշխատում են մի կողմից թույլ չտալ խուճապային տրամադրություններ, մյուս կողմից՝ խուսափել արհեստական սպասումներից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքային բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ԱԻՆ-ը միավորելու հարցը: Այս միավորումը իսկապես արդյունավետ կլիներ, սակայն իշխանությունները չգիտեն, թե ով պետք է մնա նախարար՝ Սուրեն Պապիկյա՞նը, ով վարչապետ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից է, թե՞ Ֆելիքս Ցոլակյանը, ով համարվում է այս կառավարության ամենափորձառու և բանիմաց կադրը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործեր են հարուցվել` իրավապահ համակարգում դիզվառելիքի յուրացումների հետ կապված: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի մի շարք աշխատակիցներ բողոք են ներկայացրել` պնդելով, թե դիզվառելիքը, որ պետք է տրվեր մարզեր գործուղումների, նաև Երևանում ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տեղաշարժվելու համար, իրականում չի տրամադրվել: Ու հիմա քրեական գործ է հարուցվել պարզելու համար, որ գերատեսչությունների տրամադրված դիզվառելիքը նպատակին չի ծառայել: Նկատենք, որ այս խնդիրը նոր չէ. տարիներ շարունակ ոստիկանները, քննիչները մասնավոր զրույցներում չեն թաքցրել, որ իրենք ստիպված են մարզեր գործուղումների գնալ սեփական միջոցների հաշվին: Սակայն նախկին իշխանությունների օրոք շատերը խնդիրների մասին չեն բարձրաձայնել, չեն բողոքել` վախենալով հաշվեհարդարներից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան իշխանությունների և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի միջև ծավալված հակամարտության արդյունքում տուժածներից մեկը Կարեն Սարգսյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին, որը զբաղեցնում էր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի պաշտոնը, բայց ստիպված եղավ ազատվել այդ պաշտոնից, քանի որ իշխանությունների «դատաստանից» հետո Լյովա Մնացականյանին չէին կարող անպաշտոն թողնել և նշանակեցին ԱԻՊԾ-ում։ Արցախում վրդովված են, որ Կարեն Սարգսյանը «չուժոյ պախմել» զրկվեց պաշտոնից, թեպետ, ասում են, լավ էր աշխատում։ Նրա սիրտն էլ չկոտրելու համար նշանակել են Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը մեզ ասել էր, որ հաջորդ շաբաթ բուհերը հոգաբարձուների խորհուրդների նիստեր են անելու և նոր կազմ են ընտրելու։ Մենք տեղեկացանք, որ առաջիններից մեկը նիստ է անելու Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրվի։ Մենք տեղեկացանք, որ այս պահի դրությամբ 2 թեկնածու կա՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդիկ Համբարձումյանը և երգահան, մասնագիտությամբ բժիշկ, հայտնի բժշկի թոռ Վահան Արծրունին։ Վերջինիս թեկնածությունը բժշկական շրջանակները ողջունում են՝ կուսակցական չէ, պետական պաշտոնյա չէ և ծանոթ է բուհի ու առհասարակ՝ առողջապահության ոլորտին։ Հիշեցնենք, որ նախկին նախագահն Արմեն Աշոտյանն էր»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը հատուկ կարգադրություն է պատրաստվում ուղարկել ռեստորաններին, սգո և հարսանյաց սրահներին, զգուշացնելով, որ եթե այնտեղ ելույթ ունենան հարկայինում չգրանցված երգիչներ, թամադաներ կամ երաժիշտներ, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է այդ սրահների տնօրինության վրա: Ստացվում է, որ ռեստորանները կամ հանդիսությունների սրահները երաժիշտներ կամ թամադաներ հրավիրելուց առաջ պետք է ստուգեն նրանց գրանցման վկայականները, ունեն հարկային պարտավորություններ, թե ոչ, և միայն դրանից հետո թույլ տան իրենց մոտ ելույթ ունենալ, այլապես կտուգանվեն: Մնում է բանկերն էլ մի գրություն ուղարկեն և պահանջեն, որ հյուրերի մեջ չլինեն ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցողներ»:
«168 ժամ» թերթը գրում է. «Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ըստ նրա՝ այս քայլը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ»: Նա նաև ընդգծել է. «Ահա և տնտեսական հեղափոխության Գագիկ Ծառուկյանիառաջին քայլը»: Կարծիքներ կան, որ «Արարատցեմենտն» ուղղակի ստիպված էր գնալ այդ քայլին, որովհետև շուկայում մրցակցության խնդիր կա, քանի որ մեծ քանակությամբ ցեմենտ է ներկրվում։ Այս տարի մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանը, ունենալով ցեմենտի գործարաններ, սկսել է այն ներկրել: Ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում վերոնշյալ հայտարարության մասին հետևյալն է գրել.
«ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, թե տնտեսական հեղափոխության առաջին քայլն արված է… Մինչ մտածում էի, որ կկարդամ հերթական նոր խոշորագույն ներդրման մասին, պարզվեց՝ Գագիկ Ծառուկյանը ընդամենը կասեցրել է այլևս շահութաբեր չհամարվող ու սնանկության գնացող ցեմենտի գործարանի կոլապսը, մի քանի տարով հրաժարվել շահույթ ունենալուց, արել է որոշ ներդրումներ տեխնիկական վերազինման ուղղությամբ, հանձնարարել ոչ մեկին չկրճատել, որքան էլ վիճակը դա ստիպում է… Մի խոսքով՝ իր սեփականությունն ու դրա ռիսկերն է կառավարել: Լավ բան է արել, դրվատելի է, բայց… Իմ իմանալով՝ սա կոչվում է՝ ճգնաժամի կառավարում կամ սնանկացման կանխարգելում, բայց որ սա տնտեսական հեղափոխություն է, դրա մասին մտքովս անցնել էլ չէր կարող…Վայ, էս ինչ եք անում, ես ձեր կլասիկ ցավը տանեմ…»։
«168.am»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ ցեմենտի գինը նվազել է մրցակցության արդյունքում. «Միայն խոսելով չէ, պետք է սպասել, տեսնել՝ արդյունքում ինչ կլինի։ Շինարարություն անել ցանկացողները մինչ այժմ ցեմենտի պատճառով չէ, որ չէին անում։ Այնպես որ, ցեմենտն այդ մուլտիպլիկատիվ ազդեցության մեջ մեծ դեր չի կարող ունենալ։ Իհարկե, շատ լավ է, որ էժանանում է, խնդիր չկա, բայց բոլոր դեպքերում համաձայն եմ այն կարծիքների հետ, որ դա մրցակցության հետևանք է։ Իսկ տնտեսական հեղափոխությունը չարաշահել պետք չէ, որովհետև նախ պետք է պարզաբանենք՝ ինչ է նշանակում՝ տնտեսական հեղափոխություն, իսկ հետո կարող ենք գնահատականներ տալ, եթե դրան ուղղված քայլեր արվեն։ Ես այսօր այդ քայլերը չեմ տեսնում, բացի կոռուպցիայի դեմ պայքարից, որն ավելի շատ քաղաքական է, բայց որի ազդեցությունը տնտեսության վրա էական է»։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանըմեզ հետ զրույցում դրական գնահատեց ցեմենտի գնի նվազումը։ Ըստ նրա՝ կարևոր քայլ է արվել։
«Նախ շատ լավ բան է արվել՝ արդիականացման տեսանկյունից։ Ցեմենտի հարցը քննարկվում էր նաև դեռևս այն ժամանակ, երբ մենք Իրանից չափազանց ցածր գներով ներմուծումներ ունեինք, և մեր երկու խոշոր ցեմենտի գործարաններից ոչ մեկը չէր կարող դիմանալ այդ մրցակցությանը։ Հետևաբար, այդ տեսակետից անհրաժեշտ է, որպեսզի ինքնարժեքը ձևավորող կոմպոնենտներում իրական փոփոխություններ լինեն, և միանշանակ գովելի են տեխնոլոգիական փոփոխությունները։ Բացի այդ՝ շատ կարևոր է նույն էներգակիրների մասով տարբերակված սակագնային քաղաքականությունը՝ ցեմենտի արտադրության ոլորտում, որպեսզի կարողանանք որակյալ ապրանք ունենալ մրցակցության տեսանկյունից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նախկին նախարարի խոսքով՝ ցեմենտի էժանացումը լավ քայլ է նաև այն առումով, որ այն համակարգաստեղծ ապրանք է. «Ցեմենտը շինարարություն է, շինարարությունը նոր տնտեսական աճ է ապահովում, այսինքն՝ սա այդ տեսակետից լավ ոլորտ է։ Այո, ես համակարծիք եմ, որ, եթե հեղափոխության այլ ձևակերպումներ չկան, իսկ այս պահին դեռևս այլ ձևակերպումներ չկան, այսպիսի քայլերը կարելի է համարել տնտեսական հեղափոխության առաջին քայլ»։