X
    Categories: 2018

Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայի տունն է

Յարգելի գործընկերներ,

Ազատ զգացէք սոյն շահեկան ու այժմէական զրոյցը արտատպել ձեր մօտ:

Սիրով՝

Սեւակ Յակոբեան


Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայի
տունն է

Զրուցեց՝ ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

 

«ԶԱՐԹՕՆՔ», ԲԵՅՐՈՒԹ-ԵՐԵՎԱՆ: ՀՀ
Ազգային Ժողովի ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը վերանայում է
կառավարության կառուցվածքը և օպտիմալացնում 
կառավարման համակարգը։ 17 նախարարությունների փոխարեն առաջարկում է
կառավարության կազմում ունենալ 12 նախարարություն։ Հայաստանում և Սփյուռքում
քննարկման առարկա են դարձել հատկապես Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների՝
այլ նախարարությունների հետ միավորելու հիմնախնդիրը։ Այդ կապակցությամբ  ձեզ եմ ներկայացնում «Զարթօնք»ի
հարցազրույցը  ՀՀ Սփյուռքի հիմնադիր
նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, որով նա դիմում է ՀՀ վարչապետին ևս մեկ անգամ
քննարկելու Սփյուռքի նախարարությունը պահպանելու հարցը։


***


        
Տիկին Հակոբյան, վերջին օրերին
մեծ աղմուկ է բարձրացել Սփյուռքի նախարարության փակման առիթով։ Ի
՞
նչ կարող եք ասել որպես հիմնադիր
նախարար։

10 տարի առաջ, երբ Հանրապետության
նախագահը ինձ առաջարկեց ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը և ձեռնարկել Սփյուռքի նախարարության
ստեղծման գործընթացը, ես առաջարկեցի և խնդրեցի շարունակել քննարկումները, որպեսզի ճշգրտվեն
նախարարության նպատակները, խնդիրները, գործառույթները, կառուցվածքը և այլն։ 2008թ-ի
ապրիլին ձևավորված կառավարությունում այդպես էլ տեղ չգտավ Սփյուռքի նախարարությունը։
Վերջնական որոշում կայացվեց այն բացել հոկտեմբերի 1-ին։ Արդեն 3 ամիս անց, մեր փոքրիկ
թիմի հետ մեզ պարզ դարձավ, որ 17 տարի ուշացումով է ստեղծվում այս նախարարությունը։
Սփյուռքի հետ աշխատանքների մի մասը ԱԳՆ-ն էր իրականացնում, մի փոքր հատված՝ ԿԳՆ-ն,
իսկ բուն աշխատանքները, կապերն ու հարաբերությունները բարձիթողի վիճակում էին։

 

        
Դուք այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ՀՀ  Ազգային ժողովի պատգամավոր  էիք։

Այո, ես 22 տարի պառլամենտում
էի, ի դեպ 5 անգամ ընտրվել եմ  ժողովրդի կողմից՝
մեծամասնական ընտրակարգով, և 2003թ-ից էլ  ղեկավարում
էի Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը,
հեղինակ էի 100-ից ավելի օրենքների և աշխատել էի սոցիալական ապահովության նախարար։
Եվ անտեղյակներին էլ ասեմ, որ ես անգործ չէի, որ ինձ համար նախարարություն ստեղծվեր,
այլ դրա ստեղծումը ժամանակի հրամայականն էր։ Կառավարությունում և պառլամենտում ունեցած
իմ փորձն ու գիտելիքները հաշվի առնելով էր, 
որ ինձ առաջարկվեց ձեռնամուխ լինել այդ նախարարության կայացմանը։

 

        
Իսկ ինչպե±ս ընդունեց
Սփյուռքը նախարարության ստեղծումը։

Սփյուռքում այն միանշանակ
չընդունվեց։ Հնչում էին ձայներ, որ նախարարությունը կառավարման մարմին է և ի՞նչ է՝
եկել են մեզ կառավարելու։ Կամ որոշ մասը մտածում էր, որ այն պետք է գոյատևի Սփյուռքի
ֆինանսական միջոցների հաշվին։ Կային մարդիկ էլ, ովքեր գուցե իրավացիորեն դեմ էին նախարարության
անվանմանը և առաջարկում էին Սփյուռքի հետ կապերի նախարարություն և այլն։ Մեզ հաջողվեց
ոչնչից, զրոյական վիճակից,  գործակցելով սփյուռքյան
խոշոր կառույցների, կազմակերպությունների, անհատների, գիտնականների,  հոգևոր առաջնորդների,
  ՀԲԸՄ ղեկավարության հետ, մոտ 1 տարի մշակել
և քննարկել, ապա ՀՀ կառավարության կողմից 2009թ-ի օգոստոսի 20-ին հաստատել Հայրենիք-Սփյուռք
գործակցության ռազմավարությունը և ամրագրել քաղաքականության հստակ  սկզբունքները՝

1.     Աջակցել Սփյուռքում գործող
կառույցներին, կազմակերպություններին հայապահպանության կարևոր աշխատանքներում, պայքարել
երիտասարդությանը օտար ափերում հայ պահելու համար։

2.     Հայտնաբերել Սփյուռքի ներուժը
և այն օգտագործել Հայաստանի տնտեսության զարգացման համար։

3.     Մշակել և իրականացնել ծրագրեր,
որոնք կխթանեն հայրենադարձությունը։

 

Մենք այդ տքնաջան, պատասխանատու և անչափ կարևոր գործին լծվեցինք
նվիրյալ թիմով և, կարծում եմ,  պատվով իրականացրինք
մեր կառույցի առաքելությունը։ Մշակվեցին և իրականություն դարձան տարեկան քսանհինգից
ավելի համահայկական ծրագրեր, հաստատվեցին կապեր հարյուրավոր երկրներում ապրող մեր հայրենակիցների,
հազարավոր կազմակերպությունների, կառույցների և գործիչների հետ։

Համահայկական կազմակերպությունների հետ կնքվեցին գործակցության
հստակ համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր։ 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ-ի, ‹‹Նորավանք››
գիտակրթական հիմնադրամի գիտնականների կողմից մեր պատվերով իրականացվեցին 108 գիտական
հետազոտություններ՝ նվիրված Սփյուռքի տարբեր հիմնահարցերին։ Հայերեն, անգլերեն, ռուսերեն
և դասական ուղղագրությամբ ամեն տարի լույս ընծայեցինք 600 էջից ավելի ծավալով «Սփյուռք»
տարեգիրքը, որը ներառում է Սփյուռքի համայնքների 
և նրանց գործունեության մասին բովանդակալից տեղեկատվություն՝ դառնալով հայոց
նորագույն պատմության մի մաս, հանրագիտական արժեք ունեցող տպագրություն՝ աղբյուրագիտական
հսկայածավալ նյութով։

Սփյուռքի ճանաչողության բացը լրացնելու, Սփյուռքի հիմնախնդիրները
գիտականորեն ուսումնասիրելու համար նախևառաջ մասնագետներ էին հարկավոր։ Ահա թե ինչու
մեր խնդրանքով և առաջարկությամբ ԵՊՀ-ում բացվեց Սփյուռքագիտության ամբիոն, որը պատրաստել
է ավելի քան հարյուր մագիստրոս սփյուռքագետներ, իսկ ՀՀ ԳԱԱ-ի հասարակագիտական բոլոր
ինստիտուտներում հիմնադրվեցին ու ընդլայնվեցին Սփյուռքի բաժինները։

        
Տիկին Հակոբյան, նախարարության կողմից մեծ ուշադրություն
էր դարձվում հայ մասնագիտական ներուժի համախմբմանն ու դրա նպատակային օգտագործմանը
հայրենիքի զարգացման համար, որոնց մի մասին անձամբ եմ մասնակցել, և կարող եմ վկայել,
որ լրագրողների համախմբման ձեր ջանքերը իզուր չանցան։

Այո, Դուք Ճիշտ եք։ Գործունեության լավագույն ձևաչափը դարձավ
համահայկական մասնագիտական համաժողովների անցկացումը։ Տաս տարվա ընթացքում կազմակերպվել
է 104 համաժողով, որոնք հնարավորություն են ընձեռել Հայաստանի և Սփյուռքի մասնագետներին
շփվել միմյանց հետ, փոխանցել առաջավոր փորձ, մշակել գիտական ծրագրեր, կյանքի կոչել
մասնագիտական գործընկերության նախագծեր։ Սփյուռքի մասնագետներից շատերը դարձան կարևոր
ծրագրերի ղեկավարներ,  գրասենյակներ բացեցին
հայրենիքում, Հայաստանի գիտնականներին ներգրավեցին իրենց գիտական հետազոտություններում,
դասընթացներ վարեցին համալսարաններում, ղեկավարեցին ասպիրանտների՝ հաղորդակից դառնալով
հայրենիքում ընթացող գիտական աշխատանքներին։ Այդ ընթացքում ստեղծվեցին ճարտարապետների,
լրագրողների, իրավաբանների, բանկիրների, արվեստագետների, սրտաբանների և այլ մասնագիտական  համահայկական ընկերակցություններ։ Համաժողովների
ու տասնյակ գիտաժողովների ընթացքում քննարկվում էին հայ ինքնության պահպանման, հայոց
լեզվի երկու ճյուղերի մերձեցման, արևմտահայերենի պահպանման և զարգացման, դասական ուղղագրությանն
անցման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, իսլամացած և ծպտյալ հայերին, խառնամուսնություններին
վերաբերող և բազում այլ հիմնախնդիրներ։

        
Դուք նաև շարունակեցիք
1999թ-ին հիմք դրված համահայկական խորհրդաժողովների ավանդույթը։

 

Սփյուռքում առանձնակի սպասում և ոգևորություն էին առաջացնում
համահայկական համաժողովները (2011, 2014, 2017թթ)։ Չնայած թերհավատներին՝ գնալով մեծանում
էր այդ համաժողովների  մասնակիցների թիվը, ընդլայնվում
աշխարհագրությունը։ Միայն 2017 թվականին 71 երկրից  1842 անձ մասնակցեց այս կարևոր համահայկական համաժողովին,
որն անփոխարինելի հարթակ էր Հայաստան-Սփյուռք կապերն ընդլայնելու, գործակցության ծրագրերն
ու դրանց արդյունքները ներկայացնելու, համահայկական ուժն ու հզորությունը Սփյուռքում
ու Հայրենիքում ի ցույց դնելու համար։

Համաժողովների արդյունքում հաստատվում էին ազգային և պետական
առաջնահերթությունները, որոնք էլ հիմք էին հանդիսանում հետագա աշխատանքի համար։
2017 թվականի համաժողովը հաստատեց
հետևյալ ազգային առաջնահերթությունները՝

        
հզոր և ապահով Հայաստանի կառուցումը,

        
Արցախի անկախության և անվտանգության
ապահովումը,

        
 Սփյուռքի առավել
կազմակերպումը,

        
հայոց լեզուն՝ որպես հայապահպանության կռվանի դիտարկումը,

        
 Հայոց ցեղասպանության
միջազգային ճանաչման համար պայքարը 100 տարի անց,

        
 Հայ եկեղեցու
շուրջ համախմբումը,

        
արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության
ապահովումը և այլն։

Յոթ միլիոնանոց Սփյուռք ունեցող պետության քաղաքականության կարևոր
ձեռքբերումներից էր այդքան հասունացած երկքաղաքացիության ինստիտուտի ընդունումը՝ ՀՀ
Սահմանադրության և օրենսդրության փոփոխության արդյունքում։

        
Կուզեի թվարկեք հայապահպանությանը
միտված ձեր ծրագրերից մի քանիսը։

Սփյուռքը Հայրենիքին կապելուն, արտերկրում ապրող հայ երիտասարդների
մեջ հայրենասիրություն սերմանելուն  էր միտված
«Արի տուն» ծրագիրը, որը դարձավ Սփյուռքի ամենասիրելի և ընդունված ծրագիրը։ Այն ոչ
միայն օգնեց սփյուռքահայ պատանիներին և աղջիկներին  համախմբվել հայրենիքի շուրջ, այլև փոխադարձ կապեր
ստեղծեց Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց և հայաստանյան
հյուրընկալ ընտանիքների միջև։ Այս ծրագրին մասնակցած հազարավոր հայ երիտասարդներն այսօր
մեր «դեսպաններն» են Սփյուռքում։ Կամ որքան ժամանակ, եռանդ ու աշխատանք ներդրեցինք
«Իմ Հայաստան» փառատոնները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու, մշակութային
կյանքը Սփյուռքում աշխուժացնելու, սփյուռքյան երգի, պարի, թատերական խմբերի կատարած
աշխատանքը հայրենիքում ներկայացնելու, Հայաստանում ստեղծված մշակույթին նրանց հաղորդ
դարձնելու համար։

Մեծ կարևորություն ունեին Երևանի պետական համալսարանում գործող
‹‹Սփյուռքի դպրոց››-ում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման և սփյուռքյան դպրոցներին
դասագրքերով ապահովելու ծրագրերը։ Նախարարությունը միայն չորս տարվա ընթացքում հազարից
ավելի հայկական դպրոցների տրամադրել է ավելի քան 
երեք հարյուր հազար կտոր գիրք, ուսումնաօժանդակ նյութեր։ Կամ՝ Վրաստանի հայկական
դպրոցներին, մշակութային և սպորտային կենտրոններին տրամադրվող համակարգիչներից, մարզական
գույքից օգտվում էին բազում երիտասարդներ, որոնք խանդավառությամբ մասնակցում էին համատեղ
կազմակերպված տարբեր միջոցառումների։ Հայ ինքնության պահպանման ուրույն դպրոց դարձավ
մեր կողմից Բաթումիում հիմնված ‹‹Ալեքսանդր Մանթաշյանց›› հայ տունը։ Սփյուռքում՝  Լատինական Ամերիկայում, Ռուսաստանի Դաշնությունում,
Մերձավոր Արևելքում, Ավստրալիայում, այլ տարածաշրջաններում առանձնահատուկ ջերմությամբ
էին ընդունում նախարարության կողմից գործուղված ուսուցիչներին, դասախոսներին, երգիչներին
ու արվեստի գործիչներին։

Սփյուռքին առանձնակի լիցք էին հաղորդում նախարարության՝ ‹‹Մերոնք››,
‹‹Սփյուռքի ժամ››, ‹‹Հայ լուր Սփյուռք›› ‹‹Հայ Սփյուռք›› ‹‹Այլադավան հայերի մասին››,
‹‹Հայաստան ներգաղթելու տաս խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները››, ‹‹Հայկական
տոհմածառ››, ‹‹Մեր մեծերը››, ‹‹Մեր բարերարները›› հեռուստահաղորդաշարերը, հայոց լեզվի
ուսուցողական ծրագրերը,  ‹‹Կամուրջ›› և այլ
ռադիոհաղորդումները, ինչպես նաև մեր կարգախոսները՝ ‹‹Հայաստանը համայն հայության Հայրենիքն
է››, ‹‹Հայ է նա, ով իրեն հայ է զգում››, ‹‹Սփյուռքահայը հայրենիքում պետք է շահ ստանա,
եկամուտ ունենա››, ‹‹Ճանաչել, վստահել և գործակցել››, ‹‹Դու ինչ ես արել Արցախի համար››  և այլն։

– Այս օրերին նախարարության փակման դեմ պայքարում
են նաև սիրիահայերը։ Ի
՞
նչ կասեք այդ մասին։

 

 2012 թվականին, երբ
արդեն կարելի էր արձանագրել, որ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները
ճշգրտված են, և անհրաժեշտ է նոր որակ հաղորդել ծրագրերին ու ձեռնարկներին, հայ ամենակազմակերպված
համայնքներից մեկի՝ սիրիական համայնքի գլխին կախվեց  լինել-չլինելու դամոկլյան սուրը։ Մեր հայրենակիցները
100 տարի անց հարկադրված էին դարձյալ անտերունչ 
թողնել տուն ու գործատեղ,  բիզնես և
սեփականություն՝  իրենց  պապերի պես 
բռնելով գաղթի ճամփան։ Միակ հույսն ու լուսավոր կետն այն էր, որ նրանց մի մասը
գալիս էին Հայրենիք։ Իսկ Հայաստանում նրանց ընդունման, տեղավորման, աշխատանքի, կրթության,
առողջապահության և այլ հարցերում աջակցության, երկրին ու հասարակությանն ինտեգրման
ողջ պատասխանատվությունը հանձնարարվեց ՀՀ սփյուռքի նախարարությանը։

   Մշակվեցին սիրիահայերին
աջակցության համալիր ծրագրեր,  գործարկվեցին
նրանց խնդիրների լուծման հստակ կառուցակարգեր, որոնց օժանդակեցին նաև համահայկական
կառույցները։ Սիրիահայերի հետ տարված աշխատանքը ՄԱԿ-ի մասնագիտական կառույցները լավագույնս
համարեցին և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փախստականների հարցերով նստաշրջանի բացման արարողությունը
վերապահվեց Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչին։

 

        
Ի՞նչ կասեք,այլ երկրներում և՞ս գործում են Սփյուռքի նախարարություններ։


Խոշոր Սփյուռք ունեցող երկրներում
ժամանակի ընթացքում ևս բացվում են նախարարություններ, գործակալություններ,  կառույցներ, որոնք զբաղվում են Սփյուռքի հիմնախնդիրներով,
լինում են դեպքեր նաև, որ  կրճատվում են /Վրաստան,
Լիբանան, Ֆրանսիա/։

 

        
Այդ դեպքում ի՞նչ կասեք մեր երկրի մասին։

Այսօր ժողովուրդը բացարձակ
վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին,  և բնական է, որ վարչապետն է որոշելու երկրի զարգացման
հիմնական առաջնահերթությունները։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել և խնդրել վարչապետին
ևս մեկ անգամ քննարկելու նախարարության պահպանման հնարավորությունը՝ հաշվի առնելով,
որ մեր ազգի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս և նրանց հետ աշխատանքի հսկայական փորձ
է կուտակվել, կան սերտ կապեր ու հարաբերություններ, որոնք հաստատել է տարիների ընթացքում
փորձ և գիտելիքներ  ձեռք բերած,  գործին նվիրված, պատասխանատու և աշխատասեր երիտասարդներից
կազմված  թիմը։ 

 

        
Չե՞ք կարծում,
որ կան հետաքրքիր արձագանքներ Սփյուռքից։

Դա պատասխանն է բոլոր այն
անտեղյակների, որոնք խոսում են Սփյուռքի նախարարության վատ աշխատանքի մասին։ Ուրախ
եմ և հպարտ, որ նախարարությունը  կայացել է,
խոր արմատներ ձգել Սփյուռքում, նրա դերն ու կարևորությունը գնահատվում է Սփյուռքի մեր
խստապահանջ կառույցների կողմից։ Դա ապացույցն է նաև այն բանի, որ նախարարությունը երբևէ
սիմվոլիկ բնույթ չի կրել, այլ դարձել է սիմվոլ-խորհրդանիշ  Հայրենիքի 
և Սփյուռքի  կապերի զարգացման և ամրապնդման
գործում։

Միայն պետք է իմանալ,  ճանաչել Սփյուռքը, նրա բազմաշերտ, բազմալեզու, բազմակրոն,
բազմակարիք էությունը, որպեսզի կարողանալ հարաբերություններ ձևավորել ու գործել նրա
հետ։ Եվ մեզ մեծ դժվարությամբ,  քայլ առ քայլ
հաջողվեց նվաճել Սփյուռքի վստահությունը, գնահատել, արժևորել  շատ անհատների և կառույցների ներդրած ջանքերը՝ հայ
ինքնության պահպանման, հայոց ցեղասպանության պայքարին անմնացորդ նվիրումի և Հայրենիքին
մատուցած ծառայությունների համար։ 

Ուզում եմ դիմել իմ գործընկերներին,
խնդրով շահագրգիռ սփյուռքահայ բարեկամներին, հայտնելով շնորհակալություն, որ նրանց
օգնությամբ կառուցել ենք նախարարությունը՝ կյանքիս տաս տարիները նվիրելով այդ կառույցի
կայացման, հեղինակության բարձրացման, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքում պատշաճ
ներկայացնելու, Սփյուռքի հիմնախնդիրները հայրենի կառավարությանը ներկայացնելու, նախարարությունը
սփյուռքահայերի տուն դարձնելու գործին։  Հասկանալի
է, որ իմ սիրտը շատ  է ցավում հյուլե առ հյուլե
տառապանքով կերտված կառույցի տարրալուծման համար։ 



JPEG image

Tania Jagharian: