Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչը պահանջում է դատավորի ինքնաբացարկը

  • 09.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

16
 102

Առաջին ատյանի դատարանն այսօր հետաձգեց Հասմիկ Պողոսյանի հայցի քննությունը՝ «Յունիբանկին» վարկային պայմանագրի շրջանակներում գրավադրված Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող շենքի («Հին Էրիվան» ռեստորանային համալիր) չեղարկման վերաբերյալ: Պայմանագիրը կնքվել է «Յունիբանկի» և Մանվել Տեր-Առաքելյանի միջև:

Դատավոր Լիզա Գրիգորյանն այդ որոշումն ընդունեց այն բանից հետո, երբ Մանվել Տեր-Առաքելյանի շահերը ներկայացնող Անի Անտոնյանը պահանջեց դատավորի ինքնաբացարկը: Դա ի պատասխան նրա, որ դատավոր Գրիգորյանը մերժեց Անտոնյանի տվյալ գործը կասեցնելու միջնորդությունը, քանզի այն առկախված է առաջին ատյանում քննվող մեկ այլ գործի վճռից: Իսկ ավելի կոնկրետ, առաջին ատյանում դատավոր Սուքոյանի նախագահությամբ գործը պետք է որոշի՝ արդյոք Հասմիկ Պողոսյանը հանդիսանում է Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող գույքի 50 տոկոսի սեփականատերը (ավելի վաղ VERELQ-ը գրել էր  այն մասին, որ Հասմիկ Պողոսյանը Տեր-Առաքելյանի նախկին կինն է: Գույքը հանդիսանում է համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված – խմբ.):


Ըստ Անի Անտոնյանի, մինչև չլինի դատարանի այդ որոշումը, ներկայումս քննվող հայցին չի կարող ընթացք տրվել, քանի որ նշված հայցադիմումում տիկին Պողոսյանը ներկայանում է որպես համասեփականատեր և այդ հիմքերից ելնելով է պահանջում չեղարկել գրավադրման պայմանագիրը: Մինչդեռ դատարանի համապատասխան վճիռ առ այն, որ Պողոսյանն իրոք հանդիսանում է Մանվել Տեր-Առաքելյանի գույքի համասեփականատեր, դեռ գոյություն չունի:

Հասմիկ Պողոսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն էլ իր հերթին համաձայնեց, որ այս երկու գործերը փոխկապակցված են միմյանց: Նրանց փաստարկներին առարկեց միայն «Յունիբանկի» ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանը: Անտոնյանի և Մուրադյանի բերված փաստարկները, սակայն, համոզիչ չթվացին դատավոր Գրիգորյանին, որի խոսքով նշված երկու գործերը միմյանց հետ կապ չունեն: Ըստ այդմ, նա մերժեց Անտոնյանի հայցը կասեցնելու միջնորդությունը: Սա էլ հիմք հանդիսացավ, որ Անտոնյանը պահանջի դատավորի ինքնաբացարկը: 

Նա նաև հարց ուղղեց դատավոր Գրիգորյանին՝ արդյոք նա ունի «Յունիբանկում» վարկ: Պատասխանը բացասական էր:

Ի վերջո դատավորը համաձայնեց մինչև հունվարի 18-ը ժամանակ տրամադրել ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար: 

Նիստի ընթացքում քննվեց նաև մեկ այլ միջնորդություն՝ նշված գործի շրջանակում որպես երրորդ կողմ ներգրավել «Հին Էրիվան» հոլդինգը, սակայն Հասմիկ Պողոսյանի պաշտպան Տիգրան Մուրադյանը խնդրեց հետաձգել այդ միջնորդության քննարկումը, քանի որ նա ոչ մի փաստաթուղթ չէր կարողացել հայթայթել՝ արդյոք նշված հոլդինգը գոյություն ունի, թե լուծարված է: Այս հայցի հետ համաձայնվեց նաև Մանվել Տեր-Առաքելյանի պաշտպան Անտոնյանը, առարկություն ներկայացնողը դարձյալ Նուրիջան Կիրակոսյանն էր: Այս հարցում սակայն դատավոր Գրիգորյանն ընդառաջեց Տիգրան Մուրադյանին՝ համարելով, որ, իսկապես, առանց համապատասխան փաստաթղթերի «Հին Էրիվան» հոլդինգը չի կարող ներգրավվել որպես երրորդ կողմ՝ ժամանակ տալով կողմերին ձեռք բերել նշված փաստաթղթերը:


Նիստի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք «Յունիբանկը» Հասմիկ Պողոսյանին ճանաչում է «Հին Էրիվան» հոլդինգի համասեփականատեր, Նուրիջան Կիրակոսյանն արձագանքեց. «Ոչ» : Իսկ այլ հարցերի նա, ըստ ավանդույթի, հրաժարվեց պատասխանել: