Մամուլ. Ինչո՞ւ է Հայաստան վերադարձել Կարեն Կարապետյանը

  • 01.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

8
 121

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղվել է Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նրա վերադարձը պատահական չէ, ՌԴ իշխանությունները նրա հետ են հույսեր կապում, որ կլուծի գազի գնի հետ կապված Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հակասությունները: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, բացի այս, նաեւ այլ նպատակներ ունի: Նա չի հաշտվում այն մտքի հետ, որ արդեն երկրորդ անգամ իր պաշտոնը կիսատ թողած հեռանում է Հայաստանից, մինչդեռ հայտարարում էր, որ այդպես չի լինի: Ուստի՝ նա փորձում է հայաստանյան քաղաքական գործընթացներից անմասն չմնալ՝ ում հետ, որ թիմով, դեռ հայտնի չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային ծառայության աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություն կա ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանից: 2018թ. միակ տարին է եղել, երբ հարկային ծառայության աշխատակիցներին պարգևավճարներ չեն վճարել: Խոսքը ծառայության շարքային և միջին օղակի աշխատակիցների մասին է: Ամանորից առաջ Անանյանը համակարգից մոտ 130 մարդու կրճատեց՝ դրանով վախի մթնոլորտ ստեղծելով աշխատակիցների շրջանում, իսկ պարգևավճարների ամբողջ ֆոնդը բաշխեց իր և իր մերձավորների միջև: Բնական է, որ շարքային աշխատակիցները չեն կարող ընդվզել իրենց ղեկավարի դեմ, բայց փաստ է, որ նրա նկատմամբ խորը ատելություն կա նաև իր ղեկավարած հաստատությունում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանըիսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել գործարանի աշխատակիցների և արարատցիների համար։ Վայելելով գործարանի սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի վստահությունը՝ նա դարձել է գործարանում «հարց լուծողը»։ Յուրաքանչյուրին, որն իր քմահաճույքներին չի ենթարկվում կամ ում «սիմպատիան չի բռնում», ազատում է աշխատանքից, սպառնում նրանց բողոքելու դեպքում հաշվեհարդար տեսնել։ Ցեմենտի գործարանը Արարատում միակ աշխատատեղն է, որտեղից անհիմն ազատվողները հայտնվում են փողոցում գործազուրկի կարգավիճակում։ Գալուստ Սարգսյանի կինն էլ վերջերս հասավ նրան, որ Ծառուկյանին համոզեց փակել գործարանի աշխատողների երեխաների համար նախատեսված մանկապարտեզը, որի վարիչի պաշտոնից իրեն ազատել էին»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքի են դուրս եկել՝ պնդելով, որ իրավապահ համակարգը ոչինչ չի անում հանցագործությունները բացահայտելու համար: Ավելին, նրանք հայտարարում են, որ այդ գործերը կոծկելու հարցում մեծ դեր ունի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կոստանյանը պնդել է, թե իր պաշտոնավարման օրոք կասեցված գործերը վերաբացվել են, դրանցից մեկով նույնիսկ սպա կա դատապարտված: Միաժամանակ, իր հասցեին քննադատությունների վերաբերյալ Կոստանյանն ուշագրավ ակնարկ է արել. «Դուք մտածեք, թե ինչու են սլաքները ինձ ուղղում, քանի որ չեմ հասկանում, չեմ ցանկանա գնալ այն կանխավարկածով, որ որոշ անձինք այս հանգամանքը ուզում են օգտագործել ինձ վարկաբեկելու նպատակով: Ես երեք տարի է՝ ինչ գլխավոր դատախազ չեմ, այդ դեպքում ինչո՞ւ գործերը չեն բացահայտվել: Եվ մի բան էլ՝ ես զինդատախազ եմ նշանակվել 2011-ին, իսկ այդ գործերը իմ նշանակումից 1, 5, 10 տարի առաջվա են: Ես չբացահայտված գործ չեմ ունեցել, մնացած հետեւությունները դուք արեք»»:


«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության կառուցվածքային քննարկումներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նաև գլխավոր դատախազի փոփոխության հարցը: Այս մասին մեզ իրազեկեց կառավարության աղբյուրը: Դրա համար նաև հող է նախապատրաստվում, պարբերաբար շրջանառության մեջ են դրվում դատախազության վատ աշխատանքի, կաշառակերության մասին լուրերը հենց իշխանության ներսից: Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը չկարողացավ այս փոփոխությունն անմիջապես գլուխ բերել, քանի որ խորհրդարանում չուներ համապատասխան ձայներ: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի ընտրության համար հարկավոր է պատգամավորների ձայների 3/5-ը, այսինքն, 79 ձայն: Սա նշանակում է, որ խորհրդարանում ունենալով մեծամասնություն` 88 պատգամավոր, Փաշինյանը կարող է Արթուր Դավթյանին հեշտությամբ փոխարինել իր ցանկացած թիմակցով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ներման խնդրագրերի վերաբերյալ առաջարկությունը: Ընդհանրապես, նկատենք, որ ներման թեման վերջերս ամենաշատն է քննարկվում հատկապես ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործի շրջանակներում, քանի որ նրա ազատ արձակման համար կողմնակիցներն ակտիվ պայքար են մղում: Եւ, ահա, Մհեր Ենոքյանի հետ կապված առաջարկություն եւս նախագահին ուղարկված է եղել: Թե կոնկրետ ինչ որոշում է կայացվել, որեւէ պետական գերատեսչություն չի մանրամասնում: Նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ամեն դեպքում, հստակ չէ` Մհեր Ենոքյանի վերաբերյալ ներելու, թե չներելու առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ենոքյանին ներելու առաջարկը մերժվել է: Հավելենք, որ այդ որոշումներն ուղարկվել են արդեն Արդարադատության նախարարություն, սակայն վերջինիս լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե այդ առնչությամբ հայտարարություն կանեն միայն այսօր եւ այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Միեւնույն ժամանակ, «Ժողովուրդ» թերթին հավաստի տեղեկություններ հասան այն մասին, որ վարչապետը բոլոր պատկան գերատեսչություններին հստակ հրահանգել է այսուհետ մանրազնին ուսումնասիրել բոլոր գործերը, քննարկել բազմակողմանի եւ հետո ներկայացնել վարչապետին, որպեսզի հասարակության մոտ այդ առնչությամբ կասկածներ կամ այլ հարցեր չառաջանան: Նիկոլ Փաշինյանն այդ հարցը շատ հստակ է դրել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան եթերային դաշտը վերակազմակերպման փուլում է: Տեւական ժամանակ խոսում էին, որ վաճառվում է Հ 3 հեռուստաընկերությունը, սակայն մեզ պատասխանեցին, որ նման մտադրություն չունեն, բայց հնարավոր է` տան «կառավարման»: 5-րդ ալիքի վերածված «Արարատ» ՀԸ-ն լրջորեն վերազինվում է։ Ոմանք չեն բացառում, որ միակողմանի, կողմնակալ «լուսաբանման» համար հեռուստաընկերությունը «սանկցիաների» ենթարկվի ՀՌԱՀ-ի կողմից, որի նախագահ ընտրվեց «Հայք» թերթի նախկին խմբագիր Տիգրան Հակոբյանը։ ՀՀԿ-ի «սեւ» շենքում գտնվող TV 5-ը վերազինվելուց հետո կտեղափոխվի նոր, վերանորոգված տարածք` «Էրեբունի պլազա»։ Քոչարյանի անվան հետ կապված լրատվական «կայսրությունը» հավաքվում է մի տանիքի տակ: Մինչեւ ամսվա վերջ իր գործունեությունը կսկսի նաեւ տեխնիկայի վերջին խոսքով վերազինված եւ սփռման դաշտը մեծացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, որը պատրաստվում է միայն լրահոս ապահովել (լիցենզիայում գրված է բացառապես այդ գործառույթը)` CNN-ի «տրամաբանությամբ»։ Այսինքն` ժամը մեկ պարբերականությամբ, 24-ժամյա եթերով: Հիշեցնենք` այդ աշխատանքներն իրականացնում է ՀՀԿ-ից պոկված նախկին պատգամավորների «Քառյակը»՝ Սամվել Ֆարմանյան, Կարեն Բեքարյան, Արման Սաղաթելյան, Միհրան Հակոբյան կազմով»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀԿ ներկայացուցիչների մի պատկառելի պատվիրակություն մեկնել է Գերմանիա: Հատկանշական է, որ այդ այցը զուգադիպել է վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի հետ: Ըստ մեր աղբյուրների, դա պատահականություն չէ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ականները Գերմանիայում իրենց հանդիպումների ժամանակ ներկայացնում են հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Մյուս կողմից, այցը կապված է առաջիկայում կուսակցության մեջ բարեփոխումներ կատարելու ու արդիականացման գործընթացի, այլ կերպ ասած՝ ռեբրենդինգի հետ: Ըստ որոշ տեղեկությունների, հանրապետականները ցանկանում են կիրառել կուսակցությունների գերմանական փորձը: ՀՀԿ-ականները, առիթից օգտվելով, հանդիպումների ժամանակ հընթացս խոսել են նաև ՀՀ շահերից բխող հարցերի մասին: Մասնավորապես, քննարկումներ են ընթացել ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ Բունդեսթագում վավերացման շուրջ. ըստ մեր տեղեկությունների, այն տեղի կունենա մինչև սույն թվականի սեպտեմբեր: ՀՀԿ-ականների բարձրացրած հաջորդ խնդիրը կապված է Գերմանիայի հետ վիզաների ազատականացման խնդրին: Ըստ մեր աղբյուրի, գերմանացի գործընկերներն ընդգծել են, որ այդ խնդրի մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ առաջիկայում սպասվում են Եվրախորհրդարանի ընտրություններ, իսկ, ինչպես գիտենք, Եվրոպայում միգրացիոն հարցերը շատ սուր են դրված, իսկ նախընտրական շրջանում դրանք շահարկելը բավականին ռիսկային է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ԱԺ կանոնակարգ օրենքում կատարել լրացում և ավելացնել դրույթ, ըստ որի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դեսպանները և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները առաջադրվելուց հետո՝ մինչև նշանակվելը հանդիպում են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ նաև նրանց նշանակումից հետո՝ աշխատանքային գործունեության ընթացքում: Սա ընդունված կարգ է աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրներում և կոչված է դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն ապահովելուն»: