- 08.02.2019
- Հայաստան
- arm
- rus
Վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են: Սամվել Բաբայանի հայտարարությանը ու դրան հաջորդած կոշտ արձագանքներին Արցախից անդրադարձել է նաև Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ մադրիդյան սկզբունքները Ադրբեջանի կողմից մշտապես մերժվել է.
«Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2016 թվականին Արցախում տեղի ունեցած խորհրդակցության շուրջ ապատեղեկատվական գործողություններին կոշտ արձագանքը չուշացավ։ Արցախի պետական եւ քաղաքական բազմաթիվ գործիչներ վերջակետ դրեցին այս շահարկումներին։
Սակայն ջուրը պղտորելու փորձը շարունակվում է։ Բանակցային գործընթացից եւ քաղաքականությունից մի քանի լուսային տարի հեռու գտնվողների եւ այդ զավեշտը տարածողների թարմ անգրագիտություններին ի պատասխան ընդամենը երկու բան շեշտեմ՝
1. Ադրբեջանը մշտապես մերժել է Մադրիդյան սկզբունքները։
2. Մադրիդյան սկզբունքները կամ նրանց հիման վրա մշակված որեւէ առաջարկություն երբեք չի ստորագրվել։
Կռահելի է, որ, բացի ներհայաստանյան զարգացումներից, Արցախում նշմարվող քաղաքական գործընթացները նույնպես հղի են Արցախի հարցի շուրջ վտանգավոր հեռանկարներով։ Բայց հիշեք, պարոնայք, որ հեչ պատեհ պահը չէ ի ցույց դնելու ձեր լոկալ շահերը՝ համազգային խնդիրների հաշվին»,- գրել է Աշոտյանը Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք, Սամվել Բաբայանն, ըստ էության, Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ դեմքերին մեղադրել էր Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «զիջողական գիծը» պահելու մեջ, իսկ ինչպես շարժման դեմքերն են ներկայացնում, Սարգսյանը ոչ թե զիջումներից է խոսել, այլ իրենց առաջարկով մանրամասն անդրադարձել է Արցախյան հարցով ընթացող բանակցություններին, ներկայացրել միջնորդների, Ադրբեջանի դիրքորոշումն ու հիմնական մոտեցումները, ինչպես նաեւ՝ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը: