- 06.02.2019
- Հայաստան
- arm
- rus
Գազի սակագնի հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ն հրապարակել է համապատասխան հաղորդագրություն: Դրանից զատ որևէ տեղեկատվություն առկա չէ, քննարկումները շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, որևէ տեղեկատվություն չի կարող հաղորդվել սակագնի փոփոխությունների ու դրանցից բխող զարգացումների մասին:
«Բոլոր հարցերը հիմա քննարկվում են, դրանք անցկացվում են բոլոր ուղղություններով, այդ թվում ներդրումային, կապիտալ նորոգումների ծրագրերի, կորուստների և այլն: Նպատակն այն է, որ դա չվնասի թե՛ ընկերության գործունեությանը, թե՛ չհանգեցնի ոչ ցանկալի արդյունքների»,- ասաց պաշտոնյան:
Միրումյանը նշեց նաև, որ քննարկումների համար երկու ամիս է նախատեսված, թեև չբացառեց, որ այդ ժամկետը երկարաձգվի:
Հիշեցնենք, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կազմում է 1000 խմ-ն 165 ԱՄՆ դոլար: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի: