X
    Categories: 2019

Երթ եւ ցույց. կառավարությունը փոխեց որոշումը, գիտաշխատողները չեն կորցնի ֆինանսավորումը

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 70

ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից քայլերթով գնացին դեպի ՀՀ կառավարության շենք՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018 պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշումը:


Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել էր որպես դրամաշնորհ, և որոշվել էր այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:


Ընդունված որոշման հետևանքների մասին ԵՊՀ գիտաշխատողները բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումները՝ փաստելով, որ այն բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԵՊՀ գիտխորհուրդը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն էլ հանդիպել է լրագրողների հետ և պարզաբանել խնդիրը:


Այսօր արդեն գիտաշխատողները «Հանուն գիտության», «Չթողնենք, որ գիտությունը վերանա» կոչերով և «#գիտություն» պաստառներով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից հասան դեպի ՀՀ կառավարության շենք՝ իրենց դիմում-առաջարկությունը փոխանցելու պատկան մարմիններին և հարցի վերաբերյալ որոշակի արձագանք ստանալու:


Քայլերթի ժամանակ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցն ասաց, որ մասնակցում է բողոքի ցույցին, քանի որ կրթագիտական ոլորտի շահառու է և մտահոգված է, թե ինչ ապագա կունենա այն. «Կարծում եմ՝ այսօր համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում այս ոլորտին և չեն պահպանվում դրա ներկայացուցիչների շահերը»:


ՀՀ կառավարության շենքի դիմաց գիտաշխատողները տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար պարզաբանեցին, թե որն է իրենց պահանջը: ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանն ասաց, որ պահանջում են հարցի վերջնական լուծում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված:


Հայկ Զաքարյանը փաստեց, որ բազային ֆինանսավորումը նախքան այս նորամուծությունը մրցույթով չի եղել, բայց միշտ էլ իրականացվել են մոնիթորինգներ և ստուգումներ. «Այսինքն՝ այն վարկածը, թե մրցութային ընթացակարգով ֆինանսավորումը արդյունավետության խնդիր է լուծում, իրականում թյուրըմբռնում է»:


ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Աննա Քոթանջյանն ասաց, որ ԵՊՀ-ում դեմ չեն մրցութային կարգին, բայց դեմ են նման կտրուկ շրջադարձերին. «Այսպիսի հապճեպ որոշումներ կայացնելը խաթարում է մեր բնականոն աշխատանքը: Մենք բազմաթիվ միջոցառումներ, միջազգային համաժողովներ ենք պլանավորել, որոնք պետք է իրականացնենք, բայց այսօր չգիտենք, թե աշխատանքային ինչ կարգավիճակ ենք ունենալու մոտ ապագայում: Այսինքն՝ կկարողանա՞նք դրանք իրականացնել, թե՞ ոչ»:


ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի բազային լաբորատորիայի ավագ գիտաշխատող Գևորգ Գրիգորյանը նշեց, որ բողոքի ցույցը քաղաքական որևէ ենթատեքստ չունի. «Չենք պատրաստվում որևէ մեկի հրաժարականը պահանջել, կամ այլ կոչերով հանդես գալ: Պարզապես այստեղ ենք, որ մատնանշենք որոշման բացթողումները և դրանից բխող բացասական հետևանքները: Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կվերջանա»:


ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Հայկ Զաքարյանն ընթերցեց գիտաշխատողների դիմում-առաջարկը, որով պահանջվում է կասեցնել կառավարության 1515-Ն որոշումը, կազմակերպել հանրային քննարկումներ գիտության ֆինանսավորման մեխանիզմների, մասնավորապես բազային ֆինանսավորման, կատարելագործման և բարելավման համար ու նախքան գիտության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելը՝ հանրայնորեն քննարկել այն գիտական համայնքի հետ:


«Ամենևին կասկածի տակ չդնելով գիտական և գիտակրթական ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հույս ունենք, որ կառավարությունը հնարավորություն կգտնի փոփոխություններ կատարելու նշված որոշման մեջ: Հետագայում անհրաժեշտ է գիտական ոլորտի աշխատողների լայն մասնակցությամբ մշակել գիտության մասին նոր օրենք՝ սահուն անցում իրականացնելով դեպի ավելի արդյունավետ գիտական և գիտակրթական համակարգ»,- նշված է դիմումի մեջ:


Գիտական համայնքի ներկայացուցիչները ստորագրեցին փաստաթուղթը, որը հանձնվեց պատկան մարմիններին:


Ի դեպ, ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց տրամադրել հիմնադրամի կամ ՓԲԸ կարգավիճակ ունեցող կազմակերպություններին 2019 թվականի բազային և նպատակային ծրագրային ֆինանսավորումը:


Մինչ գիտաշխատողները կառավարության շենքի բակում բարձրաձայնում էին դժգոհությունների մասին, շենքի ներսում գործադիրը որոշում ընդունեց, որ փոփոխությունները կգործեն հաջորդ տարվանից, իսկ մինչ այդ կսահմանվեն բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշները, կառաջարկվի բազային ֆինանսավորման նոր կարգ եւ այլն:


«Պետությունն, ըստ էության, չի հետեւում կամ չի գնահատում այն արդյունքները այն կենտրոններից, որոնց տալիս է բազային ֆինանսավորում, եւ այս կարգը արդեն շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է այդ կենտրոններին»,– նշեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Garnik Tadevosian: