ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ Ծառուկյանի Էդոյին, մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 96

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու համար։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:


ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինե Օհանջանյանը տեղեկացրել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր մարմնական վնաս պատճառելը, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ՛ ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ Դատախազության հանրային կապերի բաժնից խոստացել են ավելի ուշ պաասխանել՝ արդյոք մեղադրական եզրակացությունն արդեն հաստատվել է, թե ոչ։


Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 2-ին. մարզիկի հայրը ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» ՀԲԿ էր տեղափոխվել ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահից, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում բռնցքամարտիկների եւ օլիմպիական կոմիտեի ղեկավարության միջեւ։ Հանդիպմանը Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր Վյաչեսլավ Հարությունովի միջեւ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով չեմպոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ եւ հայտարարել, որ մարզիկի հորը ծեծելու կասկածանքով Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանիխորհրդական Էդուարդ Բաբայանին ձերբակալելու մասին։


Ավելի ուշ՝ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ գործն ուղարկել են ՀՔԾ, քանի որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ»։ Ծառուկյանին մեղադրանք չի առաջադրվել։


Նշենք, որ Էդուարդ Բաբայանը համարվել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը եւ մշտապես նրան ուղեկցել հանդիպումների ժամանակ։ Քննության ընթացքում Էդուարդ Բաբայանը սակայն ներկայացել է որպես Գագիկ Ծառուկյանի խորհրդական։ Իսկ հարուցված քրեական գործն էլ չխանգարեց, որ նա առաջադրվի որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվի պատգամավոր։