X
    Categories: 2019

Տնտեսական հեղափոխության ծրագիրը պետք է լիներ հեղափոխական. Զոհրաբյան

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

4
 95

Կառավարության բարձր լեգիտիմությունն անձամբ Նիկոլ Փաշինյանինն է, բայց միայն բարձր լեգիտիմությամբ տնտեսական հեղափոխություն անել հնարավոր չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:


«Կառավարության ներկայացված ծրագիրը բարձր լեգիտիմություն չունի և հիմնական տնտեսական խնդիրներին լուծում չի տա: Ես մտավախություն ունեմ, որ հանրությունը կամաց-կամաց կկորցնի իր հավատը: Տնտեսական հեղափոխության ծրագիրը պետք է լիներ հեղափոխական»,- շեշտեց պատգամավորը:


Զոհրաբյանը նաև ասաց, որ իրենց կուսակցության նպատակն է տնտեսական հեղափոխությանն աջակցելը, այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն ներկայացրել է առաջարկներ և հենց դրանց արձագանքից է կախված լինելու ԲՀԿ քվեարկությունը.


«Եթե արձագանք չլինի՝ դեմ կքվեարկենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Ավելի վաղ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ներկայացվածը շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով ու ցանկություններով լի, բայց այն տնտեսական հեղափոխության ծրագիր չի։ Ծառուկյանը հայտարարել էր, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ և մեխանիզմներ, որոնք այսօր բացակայում են ծրագրում։ Բայց և զերծ էր մնացել պատասխանելու՝ կողմ, թե՞ դեմ կքվեարկեն կառավարության ծրագրին:

Babken Chilingarian: