- 02.03.2019
- Հայաստան
- arm
Թեբրիզ քաղաքում հայկական Արարատ ֆուտբոլային ակումբի շենքի վրա անհայտ անձինք գրառումներ են կատարել՝«Ղարաբաղն՝ Ադրբեջանի անբաժանելի մասն է»
Իրանի հյուսիսում գտնվող ադրբեջանաբնակ Թեբրիզ քաղաքում հայկական Արարատ ֆուտբոլային ակումբի շենքի վրա անհայտ անձինք գրառումներ են կատարել՝«Ղարաբաղն՝ Ադրբեջանի անբաժանելի մասն է»:
Բացի այդ, Տրակտորսազի ֆուտբոլային ակումբի խաղի ժամանակ մարզադաշտում երկրպագուները վանկարկում են «Ղարաբաղը մերն է և մերն էլ մնալու է»: Տեսանյութերում նաև երևում է, թե ինչպես երկրպագուներից ոմանք իրենց մատերով ցույց են տալիս պանթուրքական Գորշ գայլեր խմբավորման նշանը:
Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանում՝ Արևելյան Ադրբեջանում, այդպիսի պանթուրքական, ազգայնական և հակահայկական գրառումներն ու վանկարկումները հաջորդել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցին:
Այսպիսի հակահայկական և ադրբեջանամետ ակցիաները պետք է մտահոգեն նաև Իրանի հատուկ ծառայություններին, քանի որ առանց լուրջ կազմակերպչական միջոցառումների այդպիսի ակցիաներ չէին կարող կյանքի կոչվել: Երևում է, որ Իրանի հյուսիսում ակտիվորեն գործում են Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները, ում դրդմամբ էլ տարածվում են այսպիսի հակահայկական կոչեր՝նպատակ ունենալ ՀՀ-ի համար հակահայկական ճակատ բացել նաև հարավից՝Արաքս գետից այս կողմ:
Իրանում միշտ էլ ակտիվ են եղել անջատողական, ազգայնական շարժումները՝քրդական, բելուջական, ադրբեջանական, արաբական և այլն:
Սակայն այս պարագայում ՀՀ-ին ու Արցախին պետք է մտահոգի հատկապես Իրանի հյուսիսի ադրբեջանական ազգայնականությունը, քանի որ Իրանի Արևելյան Ադրբեջան շրջանը սահմանակցում է ՀՀ-ին ու Արցախին: Դա նշանակում է, որ Բաքուն և Անկարան կփորձեն այստեղ ձևավորել հակահայկական խմբեր, որոնք կարող են գործել նաև ընդդեմ ՀՀ-Իրան էներգետիկ-տրանսպորտային կապերի ու շահերի՝հարձակումներ իրականացնելով հայկական մեքենաների, զբոսաշրջիկների վրա, ինչպես նաև Ղարաբաղում պատերազմի դեպքում Արցախի հարավից նոր լարվածության օջախ ստեղծել, որպեսզի Արցախը գրեթե բոլոր կողմերից շրջապտված լինի ադրբեջանական օղակով:
Չմոռանանք, որ Բաքվի ազգայնական շրջանակների մոտ առկա է Մեծ Ադրբեջան ստեղծելու պանազերիական, պանթուրքական ռազմավարությունը, որի շրջանակներում պետք է ստեղծվի Մեծ Ադրբեջան: Այն պետք է իր մեջ ներառի այսօրվա ՀՀ-ի ու Արցախի սահմանները, Վրաստանի՝Բորչալուի կամ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիներով բնակեցված շրջանները:
Մեծ Ադրբեջանը պետք է ապագայում սահմանակցի Թուրքիային՝Մեծ Թուրանի ռազմավարության շրջանակներում:
ՀՀ-ն ու Իրանը դրան պետք է հակազդեն սերտ տնտեսական և քաղաքական կապեր հաստատելով, իսկ Իրանի հատուկ ծառայությունները պետք է ավելի ակտիվ զբաղվեն իրենց երկրի ազգայնական, սեպարատիստական շարժումներով:
ՀՀ-ի հարավային դարպասներն՝Իրանի հետ սահմանը հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը՝դրանով Երևանը կարող է ապահով զգալ իրեն նաև հարավից՝խնայելով մարդկային ռեսուրսներն ու դրանք ավելի շատ կենտրոնացնելով հայ-ադրբեջանական սահմանին ու Արցախում: