Նիկոլ Փաշինյանի այցը Իրան հաջողված է. Խոսրով Հարությունյան

  • 01.03.2019
  •  

  • Հայաստան
  •  

93
 255

ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան առանց սխալվելու հավանականության կարելի է համարել հաջողված: 


«Թեպետ փորձագիտական շրջանակներում դեռևս մանրակրկիտ վերլուծության կենթարկվեն այցելության գործնական արդյունքներն, այդուհանդերձ այսօր արդեն կարելի է երկու երկրների ղեկավարների հանդիպումից արձանագրել մի քանի ուշագրավ փաստեր, որոնք խոստանում են հայ-իրանական փոխհարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի: 

Առաջին անգամ Իրանի նախագահը հրապարակավ արտահայտվեց Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցմանը մասնակցելու Իրանի ցանկության մասին: Սա նոր, ըստ իս, շրջադարձային մոտեցում է ոչ միայն մեր երկու երկրների համագործակցության տեսանկյունից, այլ գլխավորապես այն առումով, որ Իրանը (միգուցե և գործնականում առաջին անգամ) ընդգծում է այն կարևորությունը, որը նա տալիս է տարածաշրջանային ենթակառուցվածքների ձևավորման խնդրում Հայաստանի մասնակցությանը:

Ըստ էության, սա այն փաստի արձանագրումն է, որ Հայաստանը Իրանի համար այլևս ոչ միայն հյուսիսային բարեկամ պետություն է, այլ նաև նոր՝ ավելի մեծ կարևորության տարածաշրջանային գործընկեր: Ընդ որում Իրանի համար Հայաստանի այդ նոր դերակատարման արձանագրմամբ էր պայմանավորված նաև Պարսից ծոցը Հայաստանով Սև ծովին միացնելու, Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալների ավելացման և գազի մատակարարման Իրան-Հայաստան- Վրաստան եռակողմ, էլեկտրաէներգիայի փոխանակման քառակողմ ծրագրերը գործնական հիմքերի վրա տեղափոխելու մասին երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություննները: 

Իհարկե այլ բնագավառներում փոխշահավետ համագործակցության վերաբերյալ նույնպես ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, բայց կարծում եմ, որ ամենաշոշափելին, որն իրեն զգացնել կտա արդեն իսկ միջնաժամկետ հորիզոնում, դա Իրանի կողմից Հայաստանին տարածաշրջանային նոր, էլ ավելի կարևոր, դերակատարում վերապահելու փաստն է:

Անշուշտ, առանձին վերլուծության կարիք ունեն հայ-իրանական հարաբերություններում նշված տեղաշարժերի պատճառները, բայց մի բան ակնհայտ է, որ այդ իրողությունը Հայաստանի որպես վստահելի գործընկերոջ ռազմավարական կարևորության ճանաչման արձանագրումն է, որն անշուշտ, աշխարհաքաղաքական լուրջ կապիտալ է և նրան պետք է վերաբերվել ծայրաստիճան խնամքով և շրջահայացությամբ»,- գրել է Հարությունյանը Facebook-ի իր  էջում: