- 05.03.2019
- Հայաստան
- arm
Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը արձագանքել է երեկ hetq.am կայքում արվածհետաքննությանը: Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
Մեկնաբանելով պարոն Վարդանյանին և «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի գործունեությանը վերաբերող հրապարակումները, կարող ենք ասել հետևյալը։
«Տրոյկա դիալոգ» ընկերությունների խումբը իր գոյության ողջ ընթացքում գործել է թափանցիկության սկզբունքներին և ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան: Ավելին, այն ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի քաղաքակիրթ ֆինանսական շուկայի ձևավորմանը:
2012 թվականին Սբերբանկին «Տրոյկա դիալոգ»-ը վաճառելուց հետո պարոն Վարդանյանը շատ ժամանակ և միջոցներ է հատկացրել մեկենասությանը: Իսկ կարողության մեծ մասը բարեգործական ծրագրերում ներդնելու պարտավորությունը պարոն Վարդանյանի ընտանիքն իր վրա վերցրել էր դեռ 2000-ականներին:
Ավելի մանրամասն մեկնաբանություններ կտրվեն հրապարակումներում հիշատակված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:
Հիշեցնենք, որ երեկվա հրապարակման համաձայն, լիտվական բանկից արտահոսած փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում բացահայտվել է փողերի լվացման մեխանիզմ։ Այդ սխեմայի միջոցով են Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակները օրինականացրել իրենց ֆինանսները՝ օգտագործելով հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։
«Հետքը» Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) 20 գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել էր 8,8 միլիարդ դոլար արժողությամբ մի ցանց, որը գործել է ռուսաստանաբնակ գործարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։
Լրագրողների մոտ էին հայտնվել լիտվական «Յուկիո» բանկից (Ūkio bankas) արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթեր: Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» (Troika Laundromat) անվանումը։