X
    Categories: 2019

Ե՞րբ կվերանա ՌԴ օդակայաններում հայկական ավիաընկերությունների համար տարբերակված մոտեցումը

  • 19.03.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

4
 89

Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից:


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնում են, որ ըստ բողոքի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրեւ արտասահմանյան ու սպասարկման և այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների: Այս իրավիճակը թույլ չի տալիս, որպեսզի հայկական ավիաընկերությունը իր գնային քաղաքականությամբ մրցակցի ռուսականների հետ:


«Տարոն Ավիան» Հանձնաժողովին տեղեկացրել է, որ խնդրահարույց է նաև աերոնավիգացիոն ծառայություններ տրամադրող ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) կողմից իրենց հանդեպ կիրառվող գնային քաղաքականությունը: Այստեղ ևս գործում են տարբերակված մոտեցումներ, մասնավորապես, Ռուսաստանի տարածքում ոչ տեղական ընկերություններից աէրոնավիգացիոն ծառայության դիմաց գանձվում է 95,2 դոլար՝ յուրաքանչյուր 100 կմ-ի համար, մինչդեռ տեղական, այսինքն ռուսական ավիաընկերությունները նույն ծառայության համար վճարում եմ մոտ 3 անգամ ավելի էժան՝ 35 դոլար՝ 100 կմ-ի համար:


Ըստ Հանձնաժողովի, ԵԱՏՄ տարածքում, անդամ երկրների ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵԱՏՄ–ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին: Նման մոտեցման արդյունքում ռուսական ավիաընկերությունները կարողանում են մրցակցային լուրջ առավելություն ստանալ հայկական ավիաընկերությունների հանդեպ:


Ստեղծված իրավիճակը հանգեցնում է նրան, որ կոնկրետ բողոք ներկայացրած տնտեսվարողի՝ «Տարոն Ավիայի» պարագայում թիրախային համարվող ՌԴ տարբեր քաղաքներ ուղղությունները ընկերության համար դառնում են ոչ մրցունակ:


Վերջինս կատարում է հավելյալ ծախսեր, ինչը էականորեն ազդում է ավիատոմսի գնագոյացման վրա: 

Հանձնաժողովը խնդիրը տևական ժամանակ քննարկել է ԵԱՏՄ գործընկերների հետ՝ նրանց ևս ներգրավվելով գործում՝ խնդրի արագ և ամբողջական կարգավորմանը հասնելու նպատակով: Կատարված աշխատանքների արդյունքում օրերս սահմանվել է ժամանակացույց՝ առաջիկա 2 տարվա ընթացքում վերհանել ՌԴ բոլոր օդանավակայաններում առկա տարբերակված սակագները և վերանայել դրանք: Այսինքն, ընդունվել է բոլոր անդամ երկրների տարածքում սակագների համահարթեցման միասնական որոշում: Նշենք նաև, որ արդեն իսկ գործնական քայլեր են իրականացվում և ՌԴ տարածքում գործող երկու օդանավակայաններ վերանայել են իրենց սակագնային քաղաքականությունը և հայկական ավիաընկերությունների համար տարբերակված մոտեցումներ առկա չեն:


ՏՄՊՊՀ-ն հավելում է, որ մեր երկրում թե հայկական և թե արտասահմանյան ընկերությունների համար սպասարկման և աերոնավիգացիոն ծառայությունների գների նման տարբերակում առկա չէ, ինչը նշանակում է, որ այդ առումով բոլոր երկրների ավիափոխադրողները ունեն հավասար մրցակցելու հնարավորություն:

Karapet Navasardian: