- 19.03.2019
- Հայաստան
- arm
- rus
Հայաստանը չի փորձում փոխել բանակցային գործընթացի ձևաչափը: Այս թեզը շատ է հնչում, բայց դա հնչեցնողները ուղղակի ծանոթ չեն բանակցային գործընթացին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թե ում պատճառով է այսօր Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից, ըստ նրա, քաջ հայտնի է, բայց վարչապետը չի ցանկանում անուններ հնչեցնել: Դրա փոխարեն նա հիշեցրեց, որ իր կողմից Արցախի մասնակցության հարցը բարձրացվել է դեռևս 2018-ի մայիսից ու հիմա էլ շարունակում է պնդել այդ թեզը: Բայց, ինչպես այս մասին ասել է նաև համատեղ ԱԱԽ նիստում, դա ոչ քմահաճույք է, ոչ էլ նախապայման.
«Այս հայտարարությունների շարքը մարտահրավեր չէ, երկխոսությունների հրավեր է, քանի որ միայն երկխոսությունների շնորհիվ հնարավոր կլինի հասնել կառուցողական լուծումների: Ընդ որում՝ այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ո՛չ Մինսկի խմբի համանախագների, ո՛չ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար: Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումները շարունակել փաստարկների դաշտում: Բանակցությունները բանակցություններ են նրանով, որ մենք իրար լսում ենք: Հայաստանը ցուցաբերել է դիմացինին լսելու ունակությունը և մենք նույնն ակնկալում եք նաև իրենցից: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց նույն ակնկալիքը պետք է ունենանք նաև նրանցից, այլապես խոսակցություն տեղի չի ունենա», – ասաց նա:
Փաշինյանը նաև ասաց, որ չի պատկերացնում այնպիսի իրավիճակ, երբ կողմերից մեկը հայտարարի, որ հրաժարվում է երկխոսությունից: