«Ժառանգություն» կուսակցության տասներկուերորդ համագումարը

Մամուլի հաղորդագրություն
«Ժառանգություն» կուսակցության տասներկուերորդ համագումարը 
 
31 մարտի 2019թ., Երեւան: Երեւանի պետական Կամերային թատրոնի շենքում այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հերթական՝ 12-րդ համագումարը: Մասնակցում էին 112 պատվիրակներ, որոնց քվեարկությամբ էլ հաստատվեցին համագումարի օրակարգը, քարտուղարությունը եւ հաշվիչ հանձնաժողովը: 
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի կողմից համագումարի մասնակիցներին ուղղված ողջույնի ու բարեմաղթանքի տեսաուղերձի դիտումից հետո ցուցադրվեց կուսակցության գործունեության մասին պատմող տեսահոլովակ, որը «Ժառանգության» վերջին շրջանի գործունեության յուրօրինակ հաշվետվությունն էր:
Համագումարի ուղենիշային խոսքը կուսակցության հիմնադիր, խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն էր, որտեղ ընդգծվեցին հայաստանյան նոր իրողություններով պայմանավորված փոփոխությունները, դրանց ընձեռած քաղաքական, քաղաքացիական, ներկուսակցական եւ կազմակերպչական գործունեության հնարավորությունները, ինչպես նաեւ այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք դեռեւս ծառացած են մեր երիտասարդ պետականության առջեւ: 
Միջհամագումարային ժամանակահատվածում վարչության կատարած աշխատանքի մասին հաշվետվությամբ հանդես եկավ փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը: Այնուհետեւ համագումարը լսեց եւ հաստատեց կանոնադրական ու վերստուգիչ հանձնաժողովների նախագահների զեկույցները, որոնք ընդունվեցին ի գիտություն:
Արծարծվեցին «Ժառանգության» կատարածի ու կատարելիքի, դեռեւս 2012-ին Նոր Հայաստանի բանաձեւի կենսակոչման անհրաժեշտության, ներհայաստանյան արդի պայմաններում աշխատանքի նոր սկզբունքների ու մարտավարությունների որդեգրման հետ կապված կարեւոր խնդիրներ:
Հովսեփ Խուրշուդյանը եւ Անդրանիկ Գրիգորյանը համագումարի դատին ներկայացրին ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների նախագծերը, որոնք, ըստ զեկուցողների, պայմանավորված են ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերում տեղի ունեցած հասարակական-քաղաքական եւ իրավական փոփոխություններով (ԵԺԿ անդամակցություն, անցում խորհրդարանական կառավարման ձեւին եւ այլն): Կուսակցության համագումարը հավանություն տվեց ներկայացրած ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների փաթեթին:
Համագումարի շրջանակում տեղի ունեցան նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպես նաեւ կանոնադրական, վերստուգիչ հանձնաժողովների անդամների ընտրությունները: 
Միաձայն ընդունվեց «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարի Բանաձեւը, որի արձանագրմամբ՝ ՀՀ-ում տեղի է ունեցել ձեւով, բովանդակությամբ եւ ընթացակարգով ժողովրդավարական հեղափոխություն, սակայն դեռեւս չի հաջողել իրական ժողովրդավարության տանող իրավաքաղաքական անհրաժեշտ փաթեթի ամրագրումը: Շեշտվեցին անցյալից եկող գերկուսկացականացված իշխանության նյութականացման հնարավոր վտանգները, ինչպես նաեւ որոշվեց նպատակաթիրախ շարունակել աշխատանքը հանուն իրապես ազատ, անկախ ու արդար Հայաստանի քաղաքակրթապես կայացման:
Նոր վարչության կազմում ընտրվեցին տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Տաթեւիկ Գամաղելյանը, Ստեփան Վարդանյանը եւ Նուբար Հակոբյանը, մանկավարժներ Անդրանիկ Գրիգորյանը, Մարիաննա Ոսկանյանը, Հայկ Գասպարյանը, Մերի Մաթեւոսյանը եւ Արեգ Մկրտչյանը, բանասեր-լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ճարտարապետ Աշոտ Սաժումյանը, մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը, լրագրող Վանիկ Ալեքսանյանը եւ ճարտարագետ Արմենակ Ստեփանյանը:
Ամփոփիչ ելույթներ ունեցան պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը, բանասեր Նարինե Դիլբարյանը եւ կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արմենակ Ստեփանյանը: Բանախոսներն անդրադարձան հիմնական անելիքներին եւ «Ժառանգության» յուրահատուկ տեսակի պահպանման, զարգացման ու կատարելագործման բոլոր հնարավոր համակարգերին:
Ավելի ուշ տեղի ունեցավ նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ՝ Նարինե Դիլբարյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:    
Հետեւյալ հղումներով կարող եք դիտել.
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի տեսաուղերձը
https://www.youtube.com/watch?v=xS-gEVAIuzA&feature=youtu.be
«Ժառանգություն» կուսակցության մասին պատմող տեսահոլովակը https://www.youtube.com/watch?v=NRumhuQZcZ0&feature=youtu.be
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ելույթը
https://www.youtube.com/watch?v=5C_c-BjJZ3k&fbclid=IwAR1NDu0QImQ8j9yadUjZg474OwjYqntrk8TlrZG8hPka8dHTAylXvJ2ygsM
Ընթերցել համագումարում ընդունված.
Բանաձեւը http://heritage.am/images/pr/2019/march/31/banadzev.docx
Կանոնադրությունը http://heritage.am/images/pr/2019/march/31/kanonadrutyun.doc
Ծրագիրը http://heritage.am/images/pr/2019/march/31/tsragir.docx  
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
 «Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Գրասենյակի հասցեն է` Երեւան 0033, Երզնկյան 75: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ժառանգություն» կուսակցության հեռախոսով` (37410) 27-16-00, հեռապատճենով` (37410) 52-48-18, էլ. փոստով`