- 22.04.2019
- Հայաստան
- arm
- rus
Կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, որի կարևորագույն գործիքներից մեկը Հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է՝ նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին կնվազի մինչև 20 տոկոս: Այս մասին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այսպիսով կառավարությունը խրախուսում է ոչ միայն բարձր աշխատավարձի քաղաքականությունը, այլև կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Իսկ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով վարչապետը ամենևին էլ նկատի չունեն միայն տեխնոլոգիական ոլորտը, այլև հույս ունի, որ առաջիկայում Հայաստանում էականորեն կզարգանա բորսայական համակարգը: Եվ այդ ուղղությամբ, հավաստիացրեց նա, կառավարությունը աշխատանք վարում է:
«Մենք փորձում ենք Հայաստանում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաև փորձել որոշակի կարգավորումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Հայաստանում բանկային համակարգը բավական կայացած է, նաև ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել, որ բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- նշեց վարչապետը:
Միևնույն ժամանակ Փաշինյանն ասաց, որ քաջ գիտակցում են՝ որոշակի շերտավորումն անխուսափելի է, բայց հենց այդ շերտավորման բերած խնդիրները սպասարկելու առումով է, որ կառավարությունը, որպես առաջնահերթություն, սահմանել է գյուղատնտեսության ոլորտը, որը համարում է տեխնոլոգիաների հետ առնչվող: Չի անտեսվել նաև զբոսաշրջության ոլորտը: